Հարց քաղաքացիներից` եթե անձը չունի բազային եկամուտ ինչպե՞ս կարող է մասնակցել կուտակային բաղադրիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձն ինչպե՞ս կարող է մասնակցել կուտակային բաղադրիչին, այն դեպքում, եթե նա չունի բազային եկամուտ: Եվ կցանկանայի իմանալ՝ ովքե՞ր չեն կարող հրաժարվել կուտակային բաղադրիչին մասնակցությունից:

Լաուրա Մելքոնյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե անձը չունի բազային եկամուտ, ապա նա չի կատարում նպատակային սոցիալական վճար: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրավունքից եւ 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի (նպաստի) իրավունք: Իսկ եթե անձն ունենա 10 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ, ապա նա կստանա աշխատանքային կենսաթոշակ:

Սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝

1. 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված պետական համակարգի բոլոր վարձու աշխատողները: Ընդ որում, եթե նշված անձինք ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, ապա իրավունք ունեն իրենց սոցիալական փաթեթի գումարը (բացառությամբ առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)՝ որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշվին:
2. 2014թ. հուլիսի 1-ից հետո աշխատաշուկա մուտք գործած, 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված բոլոր անձինք, ովքեր 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ չեն աշխատել:

Եթե անձը ծնվել է 1996 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո եւ 2014թ. հուլիսի 1-ից հետո մուտք է գործում աշխատաշուկա (2014թ. հուլիսի 1-ի դրությամբ չի աշխատել), ապա նրա կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը նվազեցվելու է մասնակցի եկամտային հարկի գումարից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է անձի կողմից կուտակելու ժամանակահատվածով: Իրականացված հաշվարկները ցույց են տվել, որ նվազագույնը 20-25 տարվա ընթացքում կուտակելու դեպքում է հնարավոր ապահովել վերը նշված ցուցանիշը:




Լրահոս