Հարց քաղաքացիներից` հաշմանդամություն ունեցող երեխան իրավունք ունի՞ տնային պայմաններում ուսում ստանալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամություն ունեցող երեխան իրավունք ունի՞ տնային պայմաններում ուսում ստանալու: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք, թե ինչ սկզբունքով է կատարվում այդ գործընթացը:

Կարինե Մանուկյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ.Տեղեկացնում ենք, որ համաձայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝
Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջեւ պայմանագրի հիման վրա:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի համաձայն՝
Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ՝
շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ եւ զառանցանքային խանգարումներ F20-F29 (կոդավորումը՝ ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման; տրամադրության խանգարումներ; նյարդայնական եւ հոգեմարմնական խանգարումներ՝ կապված գերհույզի, սթրեսի հետ; վարքային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ; մտավոր հետամնացություն; հոգեբանական զարգացման խանգարում եւ լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ; սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ; հոգեկան խանգարումներ՝ առանց լրացուցիչ ճշտումների:

Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
բ) նյարդային համակարգի հիվանդություններ
սիստեմային ատրոֆիաներ՝ գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, արտաբրգային եւ այլ շարժողական խանգարումներ, նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ, էպիլեպսիա, նյարդամկանային սինապսի, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) եւ այլ միոպաթիաներ, մանկական ուղեղային պարալիզ եւ այլ պարալիտիկ համախտանիշներ, ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային),
գ) բնածին շեղումներ

ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք, բնածին արատներ, ողնաշարի բնածին այլ անկանոնություններ, նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ, ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ եւ ձեւափոխումներ,

դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ՝
լեւմատիզմ՝ ակտիվ փուլում՝ շարունակական ռեցիդիվող ընթացքով, պանկարդիտ, սրտի բնածին արատներ՝ սուբկոմպենսացիայի եւ դեկոմպենսացիայի փուլում, քրոնիկ թոքաբորբ՝ տարածուն պրոցեսի եւ արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում, հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատեւ ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա, նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ, մուկովիսցեդոզի ծանր ձեւեր, քրոնիկ հեպատիտ եւ ասցիտի երեւույթներով ընթացող լյարդի ցիրոզ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, արյան մակարդելիության խանգարում՝ տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Տեղեկացնենք, որ կրթության պետական համակարգի մարմինները սոցիալական ապահովության եւ առողջապահության մարմինների հետ համատեղ հաշմանդամի վերականգնման անհատական ծրագին համապատասխան ապահովում են հաշմանդամ երեխաների նախադպրոցական դաստիրակությունը, հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:




Լրահոս