Ինչպես են դպրոցների տնօրենները մեկնաբանում ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրությունները, որոնք փաստում էին, որ 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում, մեծ աղմուկ բարձրացրին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մինչդեռ նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:
Իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն էլ իր հերթին հայտարարություն տարածեց, որ նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին սեղմ ժամկետում պարզաբանումներ ներկայացնել հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ:

Մինչ դպրոցների տնօրենները սեղմ ժամկետներում ԿԳՆ-ին կներկայացնեն իրենց պարզաբանումները, «Ժողովուրդ»-ը փորձեց այդ պարզաբանումները լսել հենց նրանցից:

Երեւանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյան (խոստովանել է, որ ցուցակները ներկայացրել է թաղապետարան եւ պատրաստվում է մեկ ցուցակ եւս տրամադրել):


-Տիկի՛ն Գրիգորյան, ո՞վ է Ձեզ հրահանգել զբաղվել ընտրողների ցուցակագրմամբ, դրա մասին խոստովանել եք հայտնի ձայնագրությունում՝ նշելով, որ ցուցակները ներկայացրել եք թաղապետարան եւ պատրաստվում եք մեկն էլ ներկայացնել: Դուք դպրոցի տնօրեն լինելով՝ ինչպե՞ս կարող եք զբաղվել նման գործառույթներով:

-Ես հավես չունեմ, հա՞, խոսելու, հանգիստ թողե՛ք մարդկանց (կտրուկ անջատեց հեռախոսը):

Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի տնօրեն Ինգա Վարդանյան (խոստովանում է, որ թաղապետարանին է հանձնել ուսուցիչների եւ նրանց բարեկամների ցուցակները):

-Տիկի՛ն Վարդանյան, ինչո՞ւ որոշեցիք Հայաստանի հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակ կազմել, պարտադրե՞լ են դա անել, սպառնացե՞լ են հեռացնել դպրոցից:

-Ես, ճիշտն ասած, Ձեզ համար որեւէ մեկնաբանություն չունեմ:

-Ինչո՞ւ: Արդեն հրահանգել են որեւէ մեկի մոտ սրտներդ չբացե՞լ:

-Ուղղակի մեկնաբանություն ոչ մի պատճառով չունեմ:

-Ըստ մեր տեղեկությունների՝ նախօրեին քաղաքապետարան եք հրավիրվել, այնտեղ Ձեզ «դուխ են տվել», որ չմտածեք, նրա՞նք են հրահանգել Ձեզ ոչ մի հարցի չպատասխանել:

-Բացարձակ:

-Այդ դեպքում, ինչո՞ւ եք հրաժարվում որեւէ հարցի պատասխանել:

-Չեմ գտնում նպատակահարմար:

-Փաստորեն, մարդկանց ցուցակագրել նպատակահարմար էիք գտնում, իսկ դրա հետեւանքների հետ կապված պարզաբանումներ տալ՝ ո՞չ:

-Ես ասացի Ձեզ, որ ես մեկնաբանություն չունեմ, Դուք հիմա փորձում եք Ձեր խոսքերով ինձ հետ խոսել, բայց ես ասում եմ՝ մեկնաբանություն չունեմ:

-Ո՞վ է Ձեզ հրահանգել ցուցակագրել, վախեցնո՞ւմ էին, որ պաշտոնից կազատվե՞ք:

-Չու-նեմ:

-Բայց մարդկանց ցուցակագրելու համար ժամանակ եւ եռանդ ունեինք:

-Նորից եմ կրկնում՝ ես մեկնաբանություն չու-նեմ:

-Այնքան անհոգ ու կարծես ծիծաղով եք խոսում, Դուք Ձեզ վատ չե՞ք զգում, որ ամբողջ համացանցում Ձեր նկարներն են տարածված ու ամոթանքների հեղեղ՝ կապված այն ապօրինության հետ, որ Դուք եւ այլ տնօրեններ եք թույլ տվել:

-Դուք կարող եք այդ հարցը տալ նրանց, ովքեր այդ բանով զբաղվում են, լա՞վ:

-Դուք եք զբաղվում եւ այդ մասին խոստովանում եք ձայնագրության մեջ:

-Բացարձակապես: Ես Ձեզ համար որեւէ մեկնաբանություն չու-նեմ: Հա-ջո-ղու-թյուն:

Շարունակելի…

Վահագն Հակոբյան

Սյունէ Համբարձումյան




Լրահոս