«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պետական դավաճանություն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս կատարած հայտարարությունը Ադրբեջանի հետ զիջումներ անելու հարցում պետք է ընկալել որպես պետական դավաճանություն: Ոչ միայն ողջ եվրոպահայությունը, այլև համաշխարհային հայ սփյուռքը, մեկ մարդու պես, զայրացած է Հայաստանի հիմքերին խփող և ի սկզբանե անբարոյականություն որդեգրած, արտաքին ուժերին ծախված ու դրսից թելադրված հրամանները կատարող այս անձի լկտի և անիմաստ գործողությունների վրա:

Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղը մերն է» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսներով դարձավ իշխանության տեր, հետո հիմնելով երկրում քրեաօլիգարխիկ համակարգ և ծառայելով օտարերկրյա ուժերին նա հասավ այնպիսի բացասական արդյունքի, որ ստիպված եղավ փախչել իշխանությունից:

Ավելի քան մեկ ու կես տասնամյակ հայտնվելով լուսանցքում՝ այսօր այս անսկզբունքային էակը կրկին քաղաքականության մեջ իր փոքրիկ տարածքն ապահովելու նպատակով, ևս մեկ անգամ հրապարակավ հայրենիքը վաճառելու կոչ է անում: Հիշում եմ տարիներ առաջ Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ (Կրինիցա) ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ պատրաստ է մեկ մլրդ դոլար ներդնել Արցախում, եթե Արցախը վերադարձվի Ադրբեջանին:

Հայաստանի պատվիրակությունը հստակ հնչեցրեց պատասխանը. մեր երկիրը փողով չի վաճառվում, և մեր ազգի հատկանիշների մեջ հակառակորդին ծախվելը բարոյական կատեգորիա չէ: Այս հայտարարությունը, պարզվեց, որ չի տարածվում լևոնտերպետրոսյանների վրա: Կարծում եմ, որ նրա շահամոլության մոլուցքը և շահադիտական նպատակներով այսօր Սերժ Սարգսյանի խորտակված նավակին միանալն ու ազերիների շահերին ծառայելը կանխագուշակում է այս` այսպես կոչված «քաղաքական գործչի» վերջնական մահը:

Դժվար է գտնել հայության մեջ գոնե մեկ քաղաքական ուժ, որը կսատարի պետական դավաճանությունը: Սփյուռքը, Հայաստանը և Արցախը միահամուռ պետք է պատասխանեն այս ազգադավ գործչին և ի սպառ կասեցնեն մեր երկիրը թշնամուն ծախելու նրա և ՀՀ նախագահի հետ, համատեղ ջանքերով կազմակերպված, քաղաքական գործընթացները:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյան

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

29.03.2017 Բրատիսլավա, Սլովակիա




Լրահոս