«Ընտրողը միայն մեկ բանում պետք է վստահ լինի, որ քվեախցիկում միայնակ է մնալու ինքն իր խղճի հետ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Պարոն Կարապողոսյան ընտրակաշառքին ինչպե՞ս եք վերաբերվում: Ասում են օրեցօր բարձրացնում է առաջարկվող ընտրակաշառքի շեմը: Ինքներդ բաժանելու՞ եք:

-Ինչպես ցանկացած արատավոր երևույթ, դա ևս համարում եմ անընդունելի և դատապարտելի: Միակ հիմքը, որի միջոցով ընտրողը պետք է տա իր ձայնը որևէ թեկնածուի կամ կուսակցության, վստահությունը և հավատը պետք է լինեն վերջինիս ու նրա ծրագրի նկատմամբ: Կարծում եմ այսքանով պատասխանեցի նաև Ձեր վերջին հարցին:

-Իսկ ի՞նչ պետք է անել, որ հասարակությունը չվերցնի ընտրակաշառք: Շատերնարդարանում են, ասելով, որ սոցիալական վատ վիճակի պատճառով են դիմում այդ քայլին, որ դրանով իրենց օրվա հացի խնդիրն են լուծում:

-Որքան էլ փորձենք քարոզել, ասել, որ ընտրակաշառքը բացասական երևույթ է, և պետք է արմատախիլ անել այն, այնուամենայնիվ, ամբողջությամբ զերծ մնալ դրանից հնարավոր չի լինի, քանի դեռ ինքը՝ ընտրողն ամբողջությամբ չի գիտակցում դրա վատ հետևանքները: Դրանով հարցը լուծվում է ժամանակավորապես, բայց ոչ հիմնովին: Ընտրողը միայն մեկ բանում պետք է վստահ լինի, որ քվեախցիկում միայնակ է մնալու ինքն իր խղճի հետ և պետք է քվեարկի համաձայն դրա, ոչ թե մի քանի հազար դրամի:

Իհարկե, ինչ-որ առումով սոցիալական վիճակը կարող է նպաստել դրա տարածմանը, բայց  չէ որ ընտրությունն այն եզակի հնարավորությունն է, իրավունքը, որը թույլ է տալիս կերտել սեփական երկրի ապագան, ոչ թե հնարավորություն փոխշահավետ գործարք կատարելու: Սա վերջնականապես հասկանալով ու ընդունելով միայն կարող ենք վերջ դնել ընտրակաշառք կոչվածին:

-Այսինքն Դուք հավատու՞մ եք, որ կգա մի օր, երբ հայ ընտրողը դուռը կփակի իրեն ընտրակաշառք առաջարկողի դեմքին:

-Ես երկնքում չեմ թռչում, պատրանքներով չեմ ապրում ու հասկանում եմ, որ այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք, դժվար հասանելի ու, հաճախ նաև, անհնարին թվացող իրականություն է: Ես չեմ պնդում, որ կարելի է հասնել հարյուր տոկոսանոց արդյունքի. դա հեքիաթի ժանրից է: Բայց ես կարծում եմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի կլինի բարելավել իրավիճակը և նվազեցնել ընտրակաշառք բաժանելու ու ընտրակաշառք ստանալու իղձով ապրողների քանակը:




Լրահոս