Ինձ մոտեցավ անծանոթ մի տղա և անսպասելի կերպով ամուսնության առաջարկ արեց. Աննա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի միջոցով անդրադարձ ենք կատարում հայտնի շոուբիզնեսցիների անցած ճանապարհին, պարզում ենք` ինչ դժվարություններ են ստիպված եղել վերջիններս հաղթահարել, ինչի համար են ափսոսում եւ հակառակը` որ արդյունքն է նրանց գոհացնում: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է:

Տհաճ ռեպլիկները սովորական են դառնում

2003 թվականին «Կարոտ» երգի տեսահոլովակի պրեմիերայից հետո զգացի, որ ինձ արդեն ճանաչում են հայ հանրության լայն զանգվածները. դա շատ ակնհայտ էր: «Կարոտ»-ը, միանշանակ, ինձ համար դարձավ այցեքարտ: 20 տարուց ավել է` բեմում եմ եւ կարող եմ ասել, որ ոչինչ չի փոխվել` բացի հանրային լինելուս նկատմամբ իմ վերաբերմունքից: Երբ հայտնիությունը նոր է «այցելում» քեզ, բնականաբար, չի լինում այնպես, որ բոլորին դուր գաս եւ երբ զգում ես, որ դրական կարծիքների կողքին կա նաեւ բացասականը, շատ ծանր ես տանում դա:

Բայց տարիների ընթացքում հասկանում ես, որ այդ ամենը նորմալ է, միեւնույն է դառնում այն, որ անծանոթ մարդիկ քո կողքով անցնելիս կարող են տհաճ ռեպլիկներ անել, այնինչ՝ նախկինում այդ ամենը քեզ նյարդայնացնում էր, խանգարում: Ես իմ կարիերայի ճանապարհին, բարեբախտաբար, դեպրեսիաներ չեմ ունեցել: Միգուցե պատճառն այն է, որ ինձ չեն հանդիպել իմ հասցեին արված շատ վատ մեկնաբանություններ: Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ սոցցանցերում շատ ակտիվ չեմ: Թեեւ սովորել եմ բոլոր տեսակի քննադատություններին նորմալ վերաբերվել, դրանց մեջ գտնել ինձ համար պետքականը:

Հայտնիությունը կորցնելու վախ

Յուրաքանչյուր մեկը, ով գործում է մեր բնագավառում, ում աշխատանքը կապված է մարդկանց կողմից սիրված, ճանաչված լինել-չլինելու հետ, բնականաբար, ունի հայտնիությունը կորցնելու վախ: Դրա բացակայությունն աննորմալ կլիներ, կկորչեր աշխատելու իմաստը:

Ճանաչվածությունը` զայրացնող հանգամանք

Ընդհանրապես, ես աշխատում եմ հայտնի լինելու հանգամանքից բացահայտ չօգտվել, բայց, բնականաբար, լավ է, երբ քեզ ճանաչում են, եւ կյանքդ այս կամ այն կերպ հեշտանում է: Օրինակ` խանութի հերթերում քեզ կարող են զիջել: Բայց լինում է նաեւ հակառակը. քեզ ճանաչում են ու դրանից սկսում են ջղայնանալ, ամեն ինչ անում են, որ ցույց տան` դու ոչնչով չես տարբերվում մյուսներից: Այդ ժամանակ մտածում ես` բայց չէ՞ որ ես հակառակը չեմ էլ կարծել:

Անսպասելի առաջարկ

Հայտնիները հաճախ են ընկնում հետաքրքիր, զվարճալի իրավիճակների մեջ: Սովորական է, որ տղա երկրպագուները մոտենում են, խնդրում են հեռախոսահամար, առաջարկում են ծանոթանալ: Բայց վերջերս ինձ հետ պատահեց բոլորովին անսպասելի մի բան: Միջոցառումներից մեկի ժամանակ Հայաստանում ինձ մոտեցավ մի տղա եւ ամուսնության առաջարկ արեց: Ասեմ, որ տարիքով բավական հասուն երիտասարդ էր: Դա այնքան անսպասելի էր ինձ համար, որ ապշեցի եւ ոչինչ չպատասխանեցի: Ասում են՝ ամեն անհասկանալի իրավիճակում պարի՛ր: Իսկ ես ժպտում եմ եւ արագ հեռանում:

Կոտրվել էր, բայց ամեն բան առջեւում է

Կցանկանայի զրույցի ավարտին մի փոքր պատմել ներկայիս ծրագրերի մասին: Արդեն բավական ժամանակ է` տեսահոլովակ չեմ թողարկել: Նախորդ տարի, օրինակ, այդ գործընթացը հետաձգեցի ապրիլյան պատերազմի պատճառով, մի տեսակ կոտրվեցի, հետո ուրիշ պատճառներ էլ ի հայտ եկան, եւ ստացվեց այնպես, որ մինչեւ հիմա չի ստացվում սկսածս ավարտին հասցնել: Հուսամ` մոտ ժամանակներում երկրպագուներիս կներկայացնեմ նոր տեսահոլովակ: Ունեմ նոր երգեր, այնպես որ այդ ուղղությամբ աշխատում եմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս