Տեղամասերում բաժանում են գունավոր գրիչներ` ընտրողներին վերահսկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 08.00-ի դրությամբ` Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները: Դրանք, սակայն, արդեն իսկ ուղեկցվում են խախտումներով:

ArmLur.am-ի տեղեկություններով` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տեղամասերում քվեարկողներին կարմիր գրիչներ են բաժանվել, իսկ Արաբկիրի տեղամասերում` մանուշակագույն գրիչներ: Ենթադրվում է, որ քաղաքական ուժերը, որոնք նախապես կաշառել կամ ստիպել են քաղաքացիներին ընտրել իրենց, ձեռքի տակ ունեն տվյալ անձանց ցուցակը: Եվ ընտրությունների արդյունքում ունենալով տվյալ գույնի գրիչով քվեաթերթիկների քանակը` քաղաքական ուժերը կարող են կողմնորոշվել`այդ անձանցից քանիսն են իրենց ընտրել, քանիսը`ոչ:

Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս չվերցնել գունավոր գրիչներ: Նշենք, որ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում. այսուհետ նախագահական ընտրություններ չեն լինելու, միայն խորհրդարանական: Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։




Լրահոս