«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ ՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: Ի՞նչ սպասելիքներով է դաշինքը դիմում ՍԴ, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, ի՞նչ սպասելիքներ ունեք Սահմանադրական դատարանից:
-Մենք Սահմանադրական դատարանից ոչ մի սպասելիք չունենք, մենք ընդամենն այդ ատյանը օգտագործում ենք հանրությանը ճշմարտությունը հայտնելու նպատակով՝ բացահայտելով ընտրակեղծարարության ծավալը, ներկայացնելով համակարգված, համատարած եւ կազմակերպված ընտրակեղծարարության փաստերը, ապացույցները, դա է մեր նպատակը, դա այն ատյանն է, որտեղ ամբողջ հանրության ուշադրությունը կենտրոնացված կլինի, եւ այդ բոլոր փաստերը մենք կներկայացնենք:
-Նախքան ընտրությունները, Դուք հայտարարում էիք, որ Ձեր ջանքերով փոփոխված ընտրական նոր օրենսգրքով ընտրախախտումների հնարավորությունները հասցվել են նվազագունի, մինչդեռ հիմա Դուք դիմում եք ՍԴ-՝ Ձեր իսկ բնորոշմամբ՝ «կազմակերպված ընտրակեղծարարության» փաստերը եւ ապացույցները ներկայացնելու: Ստացվում է, որ Դուք սխալվում էիք Ձեր պնդումներում:
-Այն վիդեոկամերաները, որոնք մենք դրել էինք 1500 ընտրատեղամասում, ինտերնետ հեռարձակում չի եղել ժամը առավոտյան 7-ից մինչեւ 13:00-ն, ինչը համընկել է իրենց կողմից բերված ընտրողների կազմակերպված ալիքի հետ, ընդ որում, այդ ընտրական հանձնաժողովներին էլ հայտնվել է, որ հիմա հեռարձակում չկա, դրա համար էլ շատ անկաշկանդ գործել են, սա մեկ, երկրորդը՝ զանգվածաբար խախտվել է քվեարկության գաղտնիության իրավունքը, եւ սա բնական է, եթե ընտրակաշառք ես մասսայաբար կիրառում, մասսայաբար վարչական լծակներով ճնշումներ, այնուամենայնիվ, այդ ամեն ինչը կարող է չաշխատել: Այսինքն՝ այդ հանցագործությունը բռնվում է տեղամասում հենց այդ դեպքում, եթե խախտվում է գաղտնիության ինստիտուտը, եւ մենք տեսախցիկների տված ինֆորմացիայի միջոցով ունենք, թե ինչպես է զանգվածաբար քվեարկության գաղտնիությունը խախտվել:
-Կարծում եմ՝ արդեն վերլուծել եք եւ հասկացել, թե ի՞նչն էր խնդիրը, որ չկարողացաք հաղթահարել անցողիկ շեմը…
-Որովհետեւ ընտրություն չի եղել, որովհետեւ ժողովրդի ազատ կամքի արտահայտություն չի եղել, եղել է պառլամենտի կազմում նշանակում՝ ըստ նախապես մշակված տոկոսադրույքների, այսքան բան:
-Իսկ որտե՞ղ եք Դուք սխալվել:
-Նման վերլուծություն մենք կարող ենք անել, բայց դա բացարձակ անիմաստ է մի վիճակում, երբ ազատ կամարտահայտություն չի եղել: Ես համաձայն եմ, որ կարելի է վերլուծել մեր սխալները քարոզարշավի ընթացքում, դրանք բնականաբար պետք է լինեն, որովհետեւ անսխալական ոչինչ չի լինում, բայց դա անպտուղ եւ անիմաստ խոսակցություն է մի վիճակում, երբ տեղի է ունեցել պառլամենտի կազմի նշանակում՝ ըստ իշխանության մշակած ցուցակների: Այդ վիճակում խոսել, թե ինչ սխալներ ենք մենք կատարել, ես կարծում եմ, որ ուղղակի շեղելու է խոսակցությունը սխալ ուղղությամբ, այսպես կոչված, ընտրությունների բուն պատկերից:
-Չե՞ք կարծում, որ Ձեր պարտության հարցում կարեւոր ազդեցություն ունեցավ նաեւ ՀԱԿ-ի ներկայացրած խաղաղության ծրագիրը, որը չընդունվեց հասարակության կողմից:
-Ես նորից եմ ասում, որ լիներ մաքուր ընտրություն, մենք կարող էինք այդ հարցը շոշափել, բայց հիմա մենք, ըստ էության, խոսում ենք շատ վերացական բանից: Մենք չենք կարող մի վիճակում, երբ տեղի չի ունեցել ժողովրդի ազատ կամարտահայտություն, երբ ժողովրդին ահաբեկումով, վարչական ճնշումներով, կրիմինալի ճնշումներով, ընտրակաշառքով պարտադրել են կոնկրետ քվեարկության, ընդ որում՝ վերահսկել են այդ քվեարկությունը՝ խախտելով գաղտնիությունը, այդ վիճակում խոսել՝ արդյոք ժողովուրդը ընկալել է, թե չի ընկալել մեր մեսիջը, ուղղակի անիմաստ է: Ես ասում եմ՝ այս ընտրությունները նմանեցնում եմ համակենտրոնացման ճամբարում անցկացվող ընտրություններին:
-Իսկ Ձեր քարոզարշավներից չէի՞ք ենթադրում, որ այսպիսի պատկեր կլինի:
-Հիմա դատենք քարոզարշավից: Քարոզարշավ, որտեղ մենք գնացել ենք, տեսել ենք ըմբռնում, մեր ծրագրի վերաբերյալ դրական կարծիքներ, իսկ ամենապերճախոս վկայությունը իմ ասածի, Ազատության հրապարակում մեր կազմակերպած ցույցն էր եւ երթը, որը եղել է ամենահզորը՝ բոլոր քաղաքական ուժերի հետ համեմատած:
-Բայց մարզերում մարդիկ քիչ էին:
-Ո՛չ, մարզերում էլ էր լավ եւ շատ ավելի լավ էր, քան շատերինը: Ասենք, գուցե «Ծառուկյան» դաշինքի հետ համեմատած կարող ենք ասել, որ հետ էինք մարզերում: Ընդհանուր առմամբ մենք այդ դրական վերաբերմունքը տեսել ենք ժողովրդի մեջ: Սա վկայում է, որ քարոզարշավի աջակցությունը ոչ մի նշանակություն չունի, երբ այսօր տեղի են ունենում խայտառակ ընտրություններ:
-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում, պահպանելո՞ւ եք ՀԺԿ-ի հետ գործընկերային հարաբերությունները:
-Ոչ մի բան չի եղել, որ մեր գործընկերային հարաբերությունների վերանայման կարիք զգացվի: Անմիջական մեր անելիքը ՍԴ-ում գործի քննումն է, իսկ դրանից հետո կմտածենք:

 

 

 

 
ԵՐԲ ՓՈՔՐԵՐԸ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԵԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Աժ պատգամավոր Կարեն Ավագյանն այս անգամ էլ որոշել է քննադատական խոսք հնչեցնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Երեկ Ավագյանն իր մտքի գոհարների հերթական չափաբաժինն էր տարածել սոցիալական ցանցում:

«Կարդացի հետընտրական տրամադրությունների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը։ Հիմա սա կարծի՞ք է, թե՞ նեղացած բամբասանք։ Հետաքրքիր է՝ ումի՞ց են նեղացել։ Հարյուր հազարավոր ընդդիմադիր ձայներից ընդամենը 25 հազար ձայն վաստակելը պարտադի՞ր է բացատրել ամեն ինչով, բայց ոչ սեփական սխալներով։ Իմ կարծիքով ազնիվ չէ։ Բա թքել-մրելը՞։ Դրա՞ իմաստը որն է։ Դարձ ի շրջանս յո՞ւր. դեպի ծայրահեղական ընդդիմադիր Օլիմպո՞ս. տեսնես նույն գետը մի քանի անգամ մտած քանիսն են ինչ-որ բանի հասել»,-մասնավորապես նշել է «երիտասարդ» պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ավագյանը նման ինքնամոռաց քննադատությամբ հանդես եկավ նաեւ 2015 թվականի փետրվարի հայտնի ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշել էր Ծառուկյանին հեռացնել քաղաքականությունից: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Ավագյանը իր ուժերից վեր ծանրաձող էր փորձել բարձրացնել, եւ ի՞նչ եղավ արդյունքում՝ Ծառուկյանը կրկին վերադարձավ, հաշտվեց Սերժ Սարգսյանի հետ, եւ ամենաանհարմար իրավիճակում հայտնվեցին ավագյանենք: Նրանց թերեւս ներեցին, բայց հարկ կա նշելու, որ ներելը հարաբերական հասկացողություն է:
Հիմա էլ Ավագյանը ոչ միայն քննադատական խոսք է հնչեցնում առաջին նախագահի հասցեին, այլեւ ձեռքի հետ գովերգում տեղի ունեցած ընտրությունները.«Բոլորի աչքի առաջ այս ընտրություններում վերջնականապես արմատախիլ արվեցին նախորդ դարի 90-ականներին ներդրված կոպիտ ընտրախախտումների 90 տոկոսից ավելին՝ քվեատուփեր գողանալ, համատարած լցոնումներ, ուժի կիրառում, կարուսել, եւ այլն, եւ այլն»։ Սա հավերժ երիտհանրապետականն ասում է այն դեպքում, երբ բազմաթիվ դիտորդներ, քաղաքացիներ, քաղաքական ուժեր բարձրաձայնում են ընտրակաշառքի, ընտրողների ազատ կամարտահայտման վրա ազդելու մասին: Ինչեւէ, ժամանակի ընթացքում չի բացառվում, որ Ավագյանը իր ինքնահրկեզ հայտարարությունների համար կրկին հայտնվի կոտրված տաշտակի առաջ, բայց մինչ այդ լավ կլիներ, որ պատգամավորը հետեւեր իր գործընկեր է. Շարմազանովի օրինակին եւ ինքն էլ նման մտածելակերպ ձեւավորեր: ԱԺ փոխնախագահը, հիշեցնենք, մի առիթով ասել է. «Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ, բոլորին է վերաբերում: Ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս, նրանք իմ երկրի նախագահներն են եղել. ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը»:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
ՀՀ պետական բյուջեից շարունակվում է հսկայական գումարներ վատնվել դատավորների կայացրած սխալ վճիռների պատճառով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության նիստում որոշում է կայացվելու արդարադատության նախարարությանը տրամադրել 3100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ՄԻԵԴ «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ին կայացված վճռի համաձայն քաղաքացուն փոխհատուցում տրամադրելու, եւս 2900 եվրոյին համարժեք դրամ էլ՝ ՄԻԵԴ «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի նոյեմբերի 10-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երբ հետաքրքրվել էր, թե ինչն է պատճառը, որ այդքան գումարներ են բյուջեից տրամադրվում ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների համար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ պատճառը դատական համակարգում առկա խնդիրներն են: Այդ հայտարարությունից հետո որեւէ կերպ չպարզաբանվեց, թե ինչ է արվում՝ խնդիրները շտկելու համար, եւ ինչքան պետք է մեր աղքատիկ բյուջեն դատարկվի ապաշնորհ չինովնիկների կամայական որոշումների պատճառով:

 

 

ՏՆՕՐԵՆԸ ԿՍՊԱՍԻ
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Լեւոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի բակում: Դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանի աշակերտները ինքնավնասել էին իրենց այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենը նրանցից պահանջել էր գրքերի գումարը: Այս ամենից հետո դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանին հրավիրել էին ԿԳՆ-ն, որտեղ դպրոցի տնօրենը ներկայացրել էր իր պարզաբանումները: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախարարությունում դպրոցի տնօրենին ասել են, որ առայժմ կսպասեն իրավապահների քննությանը, որից հետո որոշում կկայացնեն, թե ինչ ճակատագրի կարժանանա դպրոցի տնօրենը: Ի դեպ, լրատվամիջոցների հետ զրույցում դպրոցի տնօրենն ու դասղեկը ասել էին, որ տղաները վատ վարքագծով ռիսկային երեխաներ են: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ ՀՀ ոստիկանության՝ ՔՀԳՎ 3-րդ վարչության՝ անչափահասների իրավունքների պաշտպանության վարչության պետ Նելլի Դուրյանից, սակայն նա հրաժարվեց խոսել միջադեպի մասին:

 

 

 

ԱՌԱՆՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ՞
Շուրջ երկու տարի տեւած դատական վեճից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը եւ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն հաշտության համաձայնագիր կնքեցին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2015 թվականին գրել էր, որ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն դիմել էր Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ հայտնել, որ «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերությանը վաճառել է ապակյա տարաներ, բայց նրանք գումարը չեն տվել: Վաճառված ապրանքի ընդհանուր գումարն էլ կազմում է շուրջ 70 միլիոն դրամ, որը «Ջերմուկ գրուպ»-ը հրաժարվում է վճարել: Այս գործը հասել էր ՀՀ վերաքննիչ դատարան, ու այստեղ կողմերը հաշտության համաձայնագիր են կնքել:




Լրահոս