Ադրբեջանը զզվացրել է բոլորին. Դավիթ Բաբայանը՝ սահմանային լարվածության և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում հակառակորդի կրակոցից Արցախում զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո′ն Բաբայան, հակառակորդը շարունակում է նախահարձակ գործողությունների դիմել: Այսօր հերթական սադրանքի արդյունքում Արցախում զինծառայող է զոհվել: Իրավիճակն ինչպիսի՞ն է այս պահին:

-Դժբախտաբար ունեցանք կորուստ, և սա, իհարկե, մեզ համար պարզապես անդառնալի կորուստ է, և մենք բոլորս ենք ողբում: Ադրբեջանը, փաստորեն, եւս մեկ անգամ ցույց տվեց և միշտ էլ ցույց է տալիս, պարզաբանելու որևէ այլ իմաստ չկա, որ մենք գործ ունենք աննորմալ ֆաշիստական պետության հետ: Շարունակում է ինքն իր ոճով, ստանում է պատասխան, և այդպես էլ լինելու է: Մենք միշտ էլ պատասխանելու ենք և թույլ չենք տալու, որպեսզի հակառակորդը հասնի իր նպատակներին:

-Վերջին շրջանում, կարծես թե, ավելացել են հայկական կողմի պատասխան գործողությունները…

-Ակտիվությունը նորմալ է: Էականորեն չի տարբերվում մեկ, երկու, երեք, տասն օրվա հետ համեմատած` մի քիչ մայիս ամսին ավելի ակտիվանում են՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. մեր եռատոնը, իրենց մոտ այդ պարտությունները. այս ամենը բնական է` ազդում է իրավիճակի վրա, և սկսում են ավելի ակտիվ դրսևորել իրենց. սա է խնդիրը: Մենք ամեն ձևով պատասխանելու ենք, թույլ չենք տալու, որ նրանք մարսեն որևէ բան:

Պարո′ն Բաբայան, իսկ այս պահին սահմանային իրավիճակն ինչպիսի՞ն է:

-Համեմատաբար կայուն է, այսինքն` վերահսկելի է, որևէ բան չկա:


-ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն օրեր առաջ հանդես էին եկել հայտարարությամբ, որում նշել էին, որ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային: Այս մասով ի՞նչ կասեք:

-Կարծում եմ, որ Ադրբեջանը պարզապես զզվացրել է բոլորին, այդ է պատճառը, արդեն հնարավոր չէ հանդուրժել այս ամենը: Ադրբեջանի քաղաքականությունը նաև ազդում է տարբեր պետությունների անվտանգության համակարգերի վրա:

Տեսեք` ինչ է արել Ադրբեջանը մայիսի 9-ին Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, կարևոր միջոցառման ժամանակ, երբ հիշում էին մեծ հայրենականի մասնակիցներին, փաստորեն, հարամ է արել, ծեծկռտուք է կազմակերպել, հարձակվել են հայերի վրևա. սա կեղտոտ բան է, չէ՞, մեկը սա, մյուսը ահաբեկչական խմբավորումների հետ իրենց կապը: Պատահական չէ, որ ֆրանսիական ընտրություններում Արցախի վերաբերյալ նոր գաղափարներով են հանդես եկել և այլն: Այսինքն զզվացրել է, և այնպես է, որ պետք է պատասխանեին. ամոթ է, եթե չպատասխանեին:

Արփինե Թովվմասյան




Լրահոս