ԽԱՌՆԱՇՓՈԹ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու «Մուշ» թաղամասի գազալցակայաններից մեկում արձանագրված ծեծը իրավապահ համակարգում խառնաշփոթ է առաջացրել: Պարզվում է` Աժ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ միջադեպը իրավապահները ղեկավար կազմին չեն զեկուցել եւ պատշաճ ընթացք չեն տվել, ինչն էլ բազմաթիվ կասկածների տեղիք է տվել:

Նախ հիշեցնենք «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակումը, որը բացահայտեց ողջ պատմությունը: Գրել էինք, որ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, իր ընկերների հետ մտել է իրենց ընտանիքին պատկանող, սակայն վարձավճարով տված գազալցակայան ու ծեծի ենթարկել աշխատակիցներին: Ըստ նույն տեղեկությունների՝ տուժել է երիտասարդ մի աշխատակից, որի աչքը կուրանալու վտանգի առաջ է: Նրա քեռին էլ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է:
Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, թե ինչից է սկսվել վեճը: Ըստ այդմ, դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ Գյումրու Մուշ թաղամասում, երեկոյան ժամին, Ղուկասյաններին պատկանող, բայց վարձակալությամբ հանձնված գազալցակայանում: Նշենք, որ Ղուկասյաններին պատկանող 3 գազալցակայաններից երկուսը վարձակալությամբ վերցրել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը: Գազալցակայան այցելած երիտասարդների քեֆը լավ է եղել, նրանք վիճաբանել են աշխատակիցների հետ, բարձր հայհոյանքներ հնչեցրել, իսկ Ղուկասյանի եղբոր որդին՝ Կոլյա Ղուկասյանը, տեղում զանգահարելով Սերգեյ Ամիրբեկյանին՝ նրանից պահանջել է իրեն նշանակել գազի առաջին տեղամասի պետ:
Մեր հրապարակումից հետո ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ մայիսի 10-ին Գյումրու ոստիկանության Մուշի բաժնում այդ բովանդակությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, եւ դրանք հստակեցվում են:
Նկատեցի՞ք, գազալցակայանում միջադեպը եղել է շուրջ երկու շաբաթ առաջ, սակայն իրավապահները, ըստ էության, կա՛մ արջի քուն են մտել, կամ՛ որոշել են կատարված գործը ջրել: Ինչո՞ւ, որովհետեւ մեր հրապարակումից հետո նրանք սկսեցին միջադեպի մասնակիցներին հրավիրել հարցաքննության: Ստացվում է, եթե չլիներ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, ապա իրավապահ համակարգում գործը փակել կտային:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մեր հրապարակումից հետո իրավապահ համակարգում խառնաշփոթ է սկսվել, թե ինչո՞ւ միջադեպի մասին չի զեկուցվել ղեկավար կազմին, ինչո՞ւ պատշաճ ընթացք չի տրվել եւ մասնակիցներին ինչո՞ւ հարցաքննության չեն հրավիրել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Գյումրու նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին եւս հրավիրել են ոստիկանության Մուշի բաժին` բացատրություն տալու: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել: Ոստիկանության Մուշի բաժին է հրավիրվել նաեւ Աղասի Ջանոյանը, որը իրավապահներին եւս հայտնել է, որ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, եւ ինքը որեւէ բանից տեղյակ չէ: Ավելին՝ իրավապահներն ուսումնասիրելով նրա մարմինը՝ վնասվածքի հետքեր չեն հայտնաբերել, սակայն, անկախ ամեն ինչից, հասկանալով, որ խնդրի առաջ են կանգնել, նշանակել են դատաբժշկական փորձաքննություն:
Իսկ հիմա ամենագլխավոր հերոսի` «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդու մասին: Ըստ էության ամենադաժան ծեծը նա է ստացել, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահները երեկ՝ ժամը 17:00-ի դրությամբ, նրան չէին հայտնաբերել եւ այդ ուղղությամբ քայլեր էին ձեռնարկում: Չի բացառվում, որ Աղասի Ջանոյանի քրոջ որդու վնասվածքները այն աստիճան են, որ նրան թաքցրել են՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Ինչեւէ: Կատարված միջադեպի մասով ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այսինքն` դեռ քրեական գործ չի հարուցվել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՉՊԱՅԹԱԾ ՆՌՆԱԿԸ
Ապրիլի 15-ին գրել էինք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանը առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում ասել էր վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝ նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Եվ ահա օրերս «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում հանձնաժողովը կրկին հետազոտել է Հովհաննես Մուրադյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին մի քանի րոպեների ընթացքում Հովհաննես Մուրադյանը նորմալ պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, սակայն ավելի ուշ կրկին սկսել է խոսել, թե իրեն բանակում ծեծել են, եւ ծեծողները Ռոբերտ Քոչարյանի մտերիմներն են եղել: Այս հանգամանքները ուսումնասիրելուց հետո «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի աշխատակիցները որոշել են Հովհաննես Մուրադյանին մի քանի ամսով դարձյալ պահել հոգեբուժարանում եւ ստացիոնար բուժման ենթարկել։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 15-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ Հովհաննես Մուրադյանը նռնակ նետեց, սակայն նռնակը չէր պայթել, քանի որ ուսուցողական նռնակ էր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մուրադյանը 2014 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում շիզոֆրենիա, պարանոիդ ձեւախտորոշմամբ: ՀՀ քննչական կոմիտեն Մուրադյանին մեղադրանք էր առաջադրել եւ ուղարկել հարկադիր բուժման։
 

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որ պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, կրկին տուգանվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականին ընկերությունը Հայաստան է տեղափոխել 45,38 կգ քաշով գովազդային ապրանքներ, որի պահպանման համար ընկերության տնօրեն Սարգիս Թարվերդյանը չի ապահովել մաքսային մարմնին համապատասխան հայտարարագիրը: Եվ ահա ՊԵԿ-ը որոշել է ընկերության տնօրեն Սարգիս Թարվերդյանին տուգանել նվազագույն՝ 50 հազար դրամով: Նկատենք, որ հյուպատոսին պատկանող ընկերությունը ավանդույթ է դարձրել հայտարարագիրը սահմանված ժամկետում մաքսային մարմին չներկայացնելու գործընթացը, քանի որ մշտապես այս գործելաոճի համար տուգանվում է 50 հազար դրամով: Թերեւս խոշոր տուգանքի դեպքում նույն հանդգնությունը չէր կրկնվի։

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ
Հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած «Շանթ» ՀԸ օպերատոր Դավիթ Աթոյանը երեկ տեղափոխվել է Երեւան: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին Ստեփանակերտի հոսպիտալից: Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորում էր ստացել Դավիթ Աթոյանը: Նրան վիրահատել են Ստեփանակերտի հոսպիտալում:

 

 
ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ
Եվրասիական տնտեսական կոլեգիան ընդունել է վճիռ, ըստ որի Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների մարզիկները այդ կառույցի տարածքում չեն համարվի «արտասահմանցի», չեն ունենա «լեգեոների» կարգավիճակ, եւ, հետեւաբար, նրանց նկատմամբ չեն գործի թվային սահմանափակումները: «ԵԱՏՄ պայմանագիրը կնքելով՝ պետությունները պարտավորվել են չկիրառել ազգային շուկաների պաշտպանությանն ուղղված սահմանափակումները, որոնք ամրագրված են իրենց օրենսդրություններում», – հայտարարել է կոլեգիայի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով պատասխանատու Կարինե Մինասյանը:

 

 

ԿՍԿՍԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Մայիսին նախատեսված է սկսել Թուրքիայի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանի շինարարությունը: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի խոսքով՝ գրեթե ավարտվել է առաջին էներգաբլոկի կառուցման նախապատրաստումը: ԱԷԿ-ը կառուցելու է «Ռոսատոմ»-ը:

 

 

ԱՐԳԵԼԱՓԱԿԵՑԻՆ
Բաքվի դատարանը որոշում է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության եւ եւս չորս անկախ լրատվամիջոցների կայքէջեր՝ «Ազադլըղ»-ի, Մեյդան TV-ի, Թուրան TV-ի եւ «Ազերբայջան սաաթի» արգելափակման մասին: Դատարանի որոշումը կայացվել է Ադրբեջանի կապի եւ տրանսպորտի հայցադիմումի հիման վրա, որը նշյալ լրատվամիջոցներին մեղադրում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապակառուցողական գործողությունների մեջ, որոնք ուղղված են հանրության անդորրը խախտելուն»:

 

 

ԵՎՍ ՄԻ ՏԵՍՈՒՉԻ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներմուծման եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի եւս մեկ մաքսային տեսուչ: Վերջինս ձերբակալվել է անհատ ձեռնարկատիրոջից կաշառք ստանալու եւ նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու կասկածանքով: Ըստ նախաքննության նյութերի` մաքսային տեսուչը կաշառքի դիմաց հիշյալ անձին թույլ է տվել սահմանված կարգի խախտմամբ միրգ-բանջարեղեն ներկրել հանրապետություն:

 

 

ՆԱԵՎ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի շաբաթվա խորհրդանշական հավաքականը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են «Այաքսի», «Լիոնի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» 3-ական ու «Սելտայից» 2 ֆուտբոլիստներ: ՈւԵՖԱ-ի վարկածով՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:




Լրահոս