ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից: Խնդիրն այն է, որ նրանք արդեն հինգ ամիս է, ինչ չեն ստացել իրենց անհրաժեշտ պրոթեզներն ու օրթեզները: Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, չնայած բարձրաձայնված խնդիրներին ու բողոքներին, շարունակում է ջայլամային գործելաոճը:

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 18-ի հրապարակման մեջ անդրադարձել էր հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բարձրաձայնված վերոնշյալ խնդրին: Գրել էինք, որ նրանք պարբերաբար հայտնվում են թղթաբանական քաշքշուկների մեջ: Բացի այս՝ նրանք ստիպված են լինում հեռավոր սահմանամերձ գյուղից մի ձեռնափայտ ստանալու համար սեփական միջոցներով գալ-հասնել Երեւան: Դա դեռ բավարար չէ, հաճախ մի ձեռնափայտ ստանալու համար նրանք հասնում են Երեւանի մի ծայրը, իսկ պրոթեզ կոշիկի համար` քաղաքի մյուս ծայրամասը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաշմանդամություն ունեցող անձանց մի մասն էլ դժգոհում է այն բանից, որ հեռավոր մարզերից գալիս, հասնում են Երեւան, բայց մի ստորագրության կամ թղթի պատճառով իրենց հետ են ուղարկում: Այժմ նրանց հիմնական բողոքի պատճառն այն է, որ արդեն հինգ ամիս է՝ չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզ կոշիկները: Մինչդեռ նախորդ տարիներին նրանք դա ստանում էին տարեսկզբին:
«Ժողովուրդ»-ին դիմած 65-ամյա Նվարդ Ղազարյանը պատմեց, որ ինքը միայնակ է ապրում, չունի եկամտի այլ աղբյուր, ապրում է միայն ստացած հաշմանդամության թոշակով: Նա իրեն հասանելիք պրոթեզ կոշիկը, որը պետք է ստանար անցած տարվա օգոստոսին, դեռ չի ստացել. «Հին կոշիկով եմ յոլա գնում: Սպասում եմ նորին: Թե երբ կլինի, հայտնի չէ»:
Իսկ մյուս քաղաքացին՝ 43-ամյա Հրահայր Խաչատրյանը, ով Արարատի մարզի բնակիչ է, իր ունեցած պրոթեզ հին կոշիկը արդեն չի հիշում, թե քանի անգամ է սեփական միջոցներով վերանորոգել: Նա նույնպես արդեն հինգ ամիս է, ինչ չի ստացել իրեն հասանելիք պրոթեզը: «Նախկինում ժամանակին են տվել պրոթեզ կոշիկը, իսկ երբ պոկվել է, իրենք են կարել: Իսկ հիմա ես իմ ձեռքով եմ կարել, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի: Այ, ցավդ տանեմ, այսօր հաշմանդամն այնքան խնդիրներ ունի, ոչ մեկ չի կարող դա լուծել: Կան խնդիրներ, որոնք ուղղակի կապված են պետության հետ, բայց ո՞ւմ է պետք»,- վրդովված նկատեց Հրահայր Խաչատրյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության՝ 2010 թվականի հուլիսի 15-ի N 888 որոշման համաձայն` հաշմանդամներին եւ սոցիալապես անապահով անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ, մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների եւ մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք։ Ելնելով հիվանդության առանձնահատկությունից՝ կարող են տրամադրվել տարեկան միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկներ։ Հիշեցնենք, որ 2010 թվականին Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանը: Իսկ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո որոշ փոփոխություններ է իրականացրել, ինչի արդյունքում այսօր տուժում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ըստ այդմ, արդեն երկու տարի է, ինչ գործում է տեղեկատվական բազա, որտեղ հստակ երեւում է, որ հաշմանդամը պրոթեզ կոշիկ չի կարող ստանալ 365 օրը չլրանալուն պես: Պարտադիր պետք է լրանա 365-րդ օրը, որպեսզի Երեւանի բնակիչը ստանա իրեն հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Իսկ մարզի բնակիչը արտոնություն ունի, նա այն կարող է ստանալ 15 օր շուտ: Ահա սրանք են հաշմանդամների խնդիրներով չհետաքրքրվող Արտեմ Ասատրյանի կողմից սահմանված չափորոշիչները: Ընդ որում, իր հրապարակային ելույթներում նա իրեն այնպես է պահում, կարծես իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ կարգին է:
Մինչդեռ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրները, բողոքներն ու դժգոհությունները կապված են հենց այս նախարարի գործելաոճի հետ: Ժամանակն է, որ գործադիր մարմնի ղեկավարը ականջալուր լինի Արտեմ Ասատրյանի գործունեությունից դժգոհ քաղաքացիների բողոքներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՌՈՂՋԱՆՈՒՄ ԵՆ
Երեւանում ծնված հնգյակի ողջ մնացած աղջիկները՝ Աննան ու Ռոզան, առողջանում են եւ քաշ հավաքում: Մասնագետները նրանց վիճակը, ընդհանուր առմամբ, կայուն են գնահատում, չնայած աղջիկները, ինչպես նախկինում, շատ քիչ քաշ ունեն՝ 1 կգ-ից պակաս: Աննան ծնվելիս կշռել է 820 գրամ, հիմա կշռում է 950 գրամ: Նրան դոնորի կաթով են սնում, որը ձեռք են բերում մոտակա ծննադատներից, ինչպես նաեւ անհաս երեխաների համար նախատեսված հատուկ կերով: Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԻ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռոզայի վիճակը նույնպես կայուն է: Նա անհրաժեշտ ամեն ինչ ստանում է եւ մշտապես մասնագետների լարված ուշադրության ներքո է:
Ավելացնենք, որ երկու աղջիկներն էլ արդեն ինքնուրույն են շնչում՝ առանց թոքերի արհեստական օդափոխման, սակայն նրանք շարունակում են թթվածինը ստանալ CPAP թերապիայի միջոցով: Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին հնգյակը՝ 4 աղջիկ եւ մեկ տղա, ծնվել էր մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:




Լրահոս