Դե լավ չենք արել էլի. Կարեն Կարապետյանը՝ Իգնատի Առաքելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհանգստացավ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացի ուշացած լինելու հանգամանքով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ՀՀ վարչապետին ներկայացրեց «Պետական աջակցությամբ գյուղատնտեսական հող օգտագործողներին մատչելի դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Նախարարի խոսքով` նախագծով նախատեսվում է, որ 2017 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար հող օգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիք տրամադրելու նպատակով պետական աջակցություն ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ 171 միլիոն 500 դրամը կհատկացվի «Մաքս Հուր» ՍՊԸ-ին, որին կուղղվի մինչեւ 5 մլն լիտր դիզվառելիքի մատակարարմանը:

Իգնատի Առաքելյանը ներկայացնելով ծրագիրն ասաց, որ մրցույթում հաղթել է «Մաքս Հուր» ընկերությունը՝ 1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը նախատեսվել է 34.3 դրամ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ուշացրել են այս ծրագիրը:

«Ուշացրել ենք, որովհետեւ սկզբից մտածում էինք, որ ծրագիրը մի գուցե իմաստ չունի իրականացնել: Դա գյուղատնտեսական գործերին խանգարում է, քանի որ գարնանացան աշխատանքների համար ուշացրել են»,-ասաց նախարարը:

«Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել, ուրեմն: Դե հետեւե՛ք, մաքսիմալ այդ ամեն ինչը կարգավորենք»,- նախարարին լսելուց հետո նշեց Կարեն Կարապետյանը:

Եւ, այսպիսով, նախագիծը հաստատվեց:




Լրահոս