Դատական համակարգի ներկայացուցիչները ծիծաղելի իրավիճակում են հայտնվել. ինչ է պարզաբանում Դատական դեպարտամենտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգի ներկայացուցիչներն առաջին հայացքից ծիծաղելի, բայց միեւնույն ժամանակ լուրջ խնդրի առաջ են հայտնվել: Բանն այն է, որ դատական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով 2017 թվականի նոյեմբեր ամսից ավարտվել են բյուջեի միջոցներով գնված գրենական պիտույքները, եւ երկու ամիս շարունակ դատավորներն իրենց գրպանից են վճարել գրելու թղթերի ու ծրարների ծախսը:

Ավելին, մեր տեղեկություններով` այս օրերին եւս նրանք են գնում այդ գրենական պիտույքները, թեեւ տարին նոր է սկսվել, եւ 2018թ. բյուջետային հատկացումներով պետք է, որ տրամադրված լինեն գումարները:

Մեր հրապարակմանն ի պատասխան Դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին հետևյալ պարզաբանումը. ««Ժողովուրդ» օրաթերթի 2018 թվականի հունվարի 27-ի համարում «Սեփական միջոցներով» վերնագրված հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունն ապատեղեկատվություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Հրապարակման մեջ նշվում է, որ «օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով 2017 թվականի նոյեմբեր ամսից ավարտվել են բյուջեի միջոցներով գնված գրենական պիտույքները և երկու ամիս շարունակ դատավորներն իրենց գրպանից են վճարել գրելու թղթերի ու ծրարների ծախսը: Այս օրերին ևս նրանք են գնում այդ գրենական պիտույքները, թեև տարին նոր է սկսվել, և 2018թ. բյուջետային հատկացումներով պետք է, որ տրամադրված լինեն գումարները»։

Ուստի, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնում ենք, որ  ՀՀ դատական դեպարտամենտի բոլոր ստորաբաժանումների պահեստների՝ գրասենյակային ապրանքների գծով մնացորդը 01.10.2017 թվականի դրությամբ կազմել է 72,402,800 ՀՀ դրամ, իսկ 01.01.2018 թվականի դրությամբ՝ 50,945,592 ՀՀ դրամ: Հետևաբար, ողջ անվանացանկով գրենական պիտույքների, այդ թվում՝ գրելու թղթի, ծրարի պակաս  չի եղել ու չկա:

Հարգելի՛ գործընկերներ, հորդորում ենք Ձեզ նման տեղեկություններ հրապարակելուց առաջ ճշտել պաշտոնական աղբյուրից՝ ապատեղեկատվություն տարածելուց զերծ մնալու նպատակով»:




Լրահոս