ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարությունում այսօր կայացել է նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի ասուլիսը:
Նախարարը նշել է, որ Փհենչհան-2018-ին մեր պատվիրակությունը մասնակցելու է «կարևորը մասնակցությունն է» սկզբունքով.
«Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում ենք «կարևորը մասնակցությունն է» սկզբունքով: Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Նախևառաջ չունենք պայմաններ և բարձրակարգ մասնագետներ:
Սակայն նշեմ, որ կարևոր է այն, որ Փհենչհան-2018-ին մասնակցելու ենք վարկանիշով, իսկ մինչ այս Օլիմպիական խաղերին մասնակցել ենք սպիտակ քարտով:
Նշեմ նաև, որ մեծ ներդրումներ են կատարվել ձմեռային մարզաձևերի զարգացման համար: Կառուցվել են նոր վազքուղիներ: Եթե այն ժամանակ ունեինք մեկ սահուղի, որով սահում էին թե’ զբոսաշրջիկները, և թե’ մարզիկները, ապա այժմ մենք ավելացրել ենք 6-ը: Եվ մարզիկներն ունեն իրենց սահուղիները:
Պետք է փաստել նաև, որ չունենք առաջատար մասնագետներ, որոնք կկարողանան ձմեռային մարզաձևերում լավագույնս պատրաստել մարզիկներին»,- ասել է նախարարը:
Խոսելով Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի մասին` Հրաչյա Ռոստոմյանն ասել է.
«Չեմ ցանկանում բանավեճի գնալ: Պարզապես ասեմ, որ ռեպորտաժ անելիս սովորաբար լսում են նաև մյուս կողմի կարծիքը: Տեսանյութում ցուցադրված մարզահագուստը մարզիկներին տրվել է պարզապես հյուրանոցի համարում հագնելու և ճաշարան գնալու համար», -ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:
Հիշեցնենք` ձմեռային Օլիմպիական խաղերն անց են կացվելու Փհենչհանում փետրվարի 9-25-ը: