Գյումրու կենտրոնը ժամանակի ընթացքում արձանապատ է դառնում. արվեստաբանները մտահոգ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում վերջին 30 տարվա ընթացքում մոտ 15 արձան է տեղադրվել. նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր ճաշակով էր արձանապատել քաղաքը, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ` իր ճաշակով: Դրանք բոլորը տեղ են գտել քաղաքի միայն կենտրոնական հատվածներում: Արվեստաբանները մտահոգ են, քանի որ Գյումրու կենտրոնը ժամանակի ընթացքում արձանապատ է դառնում, ավելին` տեղադրված արձանները որեւէ աղերս չունեն արվեստի հետ: Դեռ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք առաջարկություն կար Գյումրու կենտրոնում 12 արձան տեղադրել: Այդ նպատակի համար նա նույնիսկ պատրաստակամ էր վճարել:

Սակայն Գյումրիում սա դժգոհությունների առիթ հանդիսացավ, եւ հանրային քննարկման արդյունքում որոշում կայացվեց գումարն ուղղել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին, սակայն որոշումը այդպես էլ չվերածվեց գործի: Վերջին օրերին էլ հանրային քննարկման դրվեց բարերար Քըրք Քըրքորյանի արձանը տեղադրելու մասին առաջարկը: Դեմ կարծիքներ եղան, սակայն առաջարկն ընդունվեց, արձանն էլ օրեր առաջ տեղադրվեց: Արվեստաբան Արաքս Մարգարյանն առաջիններից էր, ով պայքարում էր Գյումրու կենտրոնը արձանախեղդ չանելու համար. «Բոլոր արձանները նվիրատվության կարգով են քաղաքին տրվում: Քըրք Քըրքորյանի արձանը նվեր էր ամերիակաբնակ գյումրեցիների կողմից: Բայց դա չի արդարացնում, որվհետեւ ամբողջ փողոցը գեղեցիկ էր ու մոնումենտալ, այդ արձանի տեղադրումով խաթարվեց ամբողջական տեսքը: Ի սկզբանե ես դեմ էի այդ որոշմանը: Անճաշակ լույսերը, անճաշակ նստարանները խաթարեցին փողոցի դասականությունը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արաքս Մարգարյանը:

Հաշվառման վերջին տվյալների համաձայն` Գյումրիում կա մոտ 120 արձան եւ կիսանդրի: Իհարկե, թիվը շատ է Հայաստանի ամենաաղքատ մարզի համար: Հսկայական գումարներ են տրամադրվում` քաղաքն արձանախեղդ անելու համար: Արվեստաբանները նաեւ արձանների տեսքի ու արժեքի մասին են մտահոգ. «Վերջին 10 տարվա ընթացքում տեղադրված արձանների 90 տոկոսը ոչ մի աղերս չունի արվեստի հետ: Չեմ հասկանում` արձան քաղաքի համա՞ր, թե՞ քաղաք արձանների համար: Ամեն քանդակ պետք է արտահայտի իր ժամակի մտածողությունը: Վերջին քանդակները ժամանակավրեպ են: Տեղադրվում են նույն ոճով, նույն լուծումներով: Բոլոր արձաններն էլ խիտ-խիտ նույն տարածքում են»,- ասում է արվեստաբանը:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս