«Հայաստանում ծիծաղելի և ամոթալի է ունենալ նման մակարդակի դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նամակ-դիմում փոխվարչապետ Արարատ Միրզոյանին

Հարգելի պարոն Փոխվարչապետ, խնդրում եմ կառավարության մոտակա նիստում դնեք վերանայման նախորդ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնած և իրականացրած որոշումը, ըստ որի ՀՀ ԳԱԱ Օրգանական և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտների հիման վրա ստեղծվեց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն: Նշված ինստիտուտներում գոյություն չուներ դեղագործական քիմիայի ոչ մի ստորաբաժանում: Մնում էր միայն գուշակել այս կենտրոնի ստեղծման իրական նպատակը, որի տնօրեն նշանակվեց վարչապետի կուսակից և մոտ ընկեր Ա. Մալխասյանը:
Վարչապետի հանկարծակի վերանալու հաջորդ օրը տնօրենը լքեց պաշտոնը և հանրապետականները նրան տեղափոխեցին ԵՊՀ` որպես տնտեսական գործերով պրոռեկտոր: Քանի որ Օրգանական քիմիայի ինստիտուտը տեղափոխել էին Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածք, կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրեց վերջինիս տնօրենը:

Կան խիստ սուբեկտիվ պատճառներ, որոնց հետևանքով կենտրոնի տնօրինությունը այդպես էլ չկարողացավ թեկուզ և մեկ գիտական կամ տեխնոլոգիական խնդիր դնել կոլեկտիվի առջև: Եթե հարկ լինի, պատճառները կթվարկվեն: Ներկայումս Օրգանական քիմիայի ինստիտուտը զբաղեցնում է Կենտրոնի երկու մասնաշենք:

Հարգելի պրն փոխվարչապետ, խնդրում եմ, եթե կարելի է, նաև պահանջում եմ, քննարկեք այդ անիմաստ կենտրոնի լուծարման հարցը: Այդ կենտրոնը ոչ բարոյապես և ոչ էլ գիտական հիմնավորմամբ իրավունք չունի գոյություն ունենալ: Հայաստանում ծիծաղելի է և նաև ամոթալի ունենալ նման մակարդակի դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոն: Նման հայտարարության համար կան գիտական և ֆինանսա-տնտեսական շատ լուրջ հիմնավորումներ:

Այդ կենտրոնի լուծարումը հնարավորություն կտա վերականգնելու Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտական դեմքը: Մեր ինստիտուտը իր գիտական կազմով և գիտության մեջ իր ունեցած ներդրումներով համարվում է Հայաստանում քիմիական գիտության թիվ մեկ գիտօջախը: Ինստիտուտի բոլոր 11 ստորաբաժանումները ղեկավարվում են բացառապես դոկտորի գիտական աստիճան ունեցող մասնագետներով, որոնցից երեքը ունեն պրոֆեսորի, մեկը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամի է և մեկը գիտության վաստակավոր գործչի կոչումներ: Հայաստանում քիմիկոս գիտնականների ճնշող մեծամասնությունը գիտական աստիճան և աշխատանքի ուղեգիր ստացել են Օրգանական քիմիայի ինստիտուտում:

Օրերս Դուք հանդես եք եկել կենտրոնի երկու մասնաշենքերը շվեյցարական ներդնողին տրամադրելու նախաձեռնությամբ, որին փորձում է դիմադրել կենտրոնի տնօրինությունը: Եթե հարցը պատշաճ մատուցվի և երիտասարդ քիմիկոսները տեղեկացվեն, որ արժանիները կարող են աշխատել այդ շվեյցարական կազմակերպությունում, հարցը կունենա ճշգրիտ լուծում:

ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ,
քիմ. գիտ, դոկտոր, պրոֆ, Առնոս Հովհաննիսյան

***

Ուղերձ

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏ Կենտրոնի ընդլայնված Գիտական Խորհրդին

Կոլեգաներ, ցավալի է, որ իմ նամակը հղած փոխվարչապետին դրված է  քննարկման կենտրոնի գիտխորհրդում:

Ես խորհուրդ տվեցի կենտրոնի տնօրենին չգնալ այդ քայլին, բայց նա հերթական անգամ ձեզ ներքաշում է ձեզ չվերաբերող հարցի քննարկման:

ՕԴՔ ԳՏ Կենտրոնը,  այս գիտ խորհրդի որոշմամբ չի ստեղծվել: Օրգանական քիմիայի և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտները նույնպես դուք չեք ստեղծել:

Այսօրվա դրությամբ Օրգանական քիմիայի ինստիտուտում ստորաբաժանումները ղեկավարում են, ինչպես այդ ստորաբաժանումների հիմնադիրները այնպես և հիմնադիրների արժանի աշակերտները: Ինստիտիտուտը ունի նաև իր տնօրենը և եթե հարցը հարկ լինի քննարկելու և կարծիք լսելու, ապա առաջին հերթին իմ նամակը պետք է քննարկվեր Օրգանական քիմիայի ինստիտուտի ստորաբաժանումների ղեկավարների հավաքում:

Դուք շատ լավ գիտեք, որ այս կենտրոնի ստեղծման դեմ պայքարողների առաջնագծում կանգնած էր կենտրոնի այսօրվա տնօրենը: Թվում էր թե, այսօր առաջինը ինքը պետք է բարձրացներ կենտրոնի լուծարման հարցը: Բայց ինչպես տեսնում եք, այսօր նա համարում է իմ կատարած քայլը մեղմ ասած սխալ և կոլեկտիվի շահերի դեմ ուղղված քայլ:

Դա այդպես չէ: Դուք մոլորված եք: Եթե մենք այսօր, պահը կորցնենք և  չկարողանանք վերականգնել Օրգանական քիմիայի, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտները և ՄԿՈՒԿ – ը,  վաղը անպայման դրվելու է  դեղագործական գիտա տեխնոլոգիական կենտրոնի լիկվիդացիայի հարցը և ձեզանից շատերը դառնալու են գործազուրկ:

Լավ մտածեք և մի քվեարկեք կարճամիտ որոշումների օգտին: Նորից եմ կրկնում` մի կորցրեք մեր ինստիտուտները վերականգնելու այս վերջին հնարավորությունը: Միացեք իմ դիմում նամակին և թոթափեք ձեր ուսերին վաղը դրվելիք  դեղ ստեղծելու անիրականալի բեռը, որը լինելու է կենտրոնի լիկվիդացման հիմնավորումը:

Պրոֆ. Առնոս Հովհաննիսյան




Լրահոս