ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՏԱՄՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հեղափոխական գործընթացների առանցքային, բայց սքողված կողմը Ռուսաստանն էր: Վերջինս, ի տարբերություն տարածաշրջանի մյուս հեղափոխությունների, այս անգամ ուղղակիորեն չմիջամտեց հայաստանյան իրադարձություններին, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ քայլ առ քայլ փորձում է ընդլայնել իր քաղաքական ազդեցությունը Հայաստանում: Դատելով նախորդ փորձերից` դրա համար ոչնչի առաջ կանգ չի առնելու:

Հեղափոխության օրերին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը բանաձեւում էր, որ Հայաստանում կատարվողը ներքին գործեր են, ուստի պաշտոնական Մոսկվան չի կարող մեկնաբանել դրանք: Սակայն հրապարակային հայտարարություններից զատ ռուսական շրջանակները ակտիվորեն փորձում էին ազդել գործընթացների վրա սեփական կամ ՀՀ արդեն նախկին իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ: Հիշենք, որ այդ ժամանակ Հայաստան ժամանեց ռուս պատգամավորների մի մեծ խումբ տեղում ծանոթանալու իրադարձությունների ընթացքին: Նիկոլ Փաշինյանի հետ նշյալ խմբի հանդիպումից հետո ռուսական շրջանակների նախաձեռնողականությունն այս ուղղությամբ մարեց` տեղը զիջելով սպասողականությանը: Այդ պայմաններում էլ անցավ Նիկոլ Փաշինյանի` վարչապետի կարգավիճակով առաջին արտերկրյա այցը Ռուսաստան: Անգամ Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսական մամուլը շարունակեց պահպանել հակասական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, իսկ Կրեմլի հետ առնչակից շրջանակները մերթ չեզոք էին արտահայտվում Հայաստանի հասցեին, մերթ հստակ ադրբեջանամետ կարծիքներ շրջանառում: Ի դեպ, հատկանշական է, որ ռուսական շրջանակները Հայաստանի մասին խոսելիս շոշափում էին (այդ պրակտիկան շարունակում են նաեւ այսօր) Ադրբեջանի գործոնը: Ցանկացած առիթով, երբ խոսք է լինում Հայաստանի մասին, կրեմլամերձ շրջանակները թեման կապում են Արցախի հակամարտությանը: Ակնհայտ է, որ այսօր ռուսական վերնախավի` Հայաստանի հանդեպ ունեցած թերեւս միակ ազդեցության լծակը ԼՂ-ի հակամարտությունն է, որով հնարավոր է շանտաժի ենթարկել Հայաստանի իշխանություններին: Նման իրավիճակը, անշուշտ, բնական է, քանի որ լեգիտիմ իշխանությունների դեմ տրցակներով կոմպրոմատներ չկան, եւ միակ հույսը մնում է պատերազմի սպառնալիքը ճոճելը:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանն այս ուղղությամբ բռնի քարոզչական արշավից անցում կատարեց գործնական քայլերի: Հատկապես այն շրջանում, երբ քաղաքական դիսկուրսը սկսեց ծավալվել Հայաստանի` ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու եւ վերջինս որպես Հայաստանի անվտանգության միակ երաշխիք ընկալելու հարցերի շուրջ, զուտ «պատահականորեն» լարվեց ոչ թե ղարաբաղաադրբեջանական, այլ հայ-նախիջեւանյան սահմանային դրությունը: Նախիջեւանի կարգավիճակը յուրահատուկ է այս առումով, քանի որ դրա նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունի Թուրքիան: Եվ հաշվի առնելով վերջինիս ներկայիս աննախանձելի իրավիճակը, ինչպես նաեւ հանգամանքը, որ Նախիջեւանի ճակատում ռազմական որեւիցե տեսակի գործողություն կարող է ավելի մեծ մասշտաբներ ստանալ, քան Կովկասի երեք գործող հակամարտությունները միասին վերցրած` խիստ կասկածելի է թվում Թուրքիայի շահագրգռվածությունը տեղում լարում հարուցելու առումով: Ադրբեջանի նախագահն էլ միամիտ չէ, որ չպատկերացնի իրավիճակի նրբությունն ու այժմ ռազմական արկածախնդրության գնա այն էլ նախիջեւանյան ճակատում: Այսժամ իրատեսական է ռուսական ինչ-ինչ շրջանակների հետաքրքրվածությունը նախիջեւանյան հատվածի լարվածությամբ` փորձելով Հայաստանի իշխանություններին հիշեցնել, թե որքան երերուն է Հայաստանի անվտանգությունը:
Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ռուսաստանը անցավ նոր գրոհի: Նախ ՀՀ վարչապետը ստիպված կլինի մասնակցել ԵԱՏՄ վարչապետների նիստին, թեպետ ի պաշտոնե դրան պետք է ներկա լիներ ՀՀ փոխվարչապետներից մեկը: Մամուլում արդեն իսկ տեղեկություններ կան, որ Փաշինյանի ներկայությունը պահանջել են ռուսական շրջանակները Բրյուսել կատարած այցի սրբագրման համար: Այդուհանդերձ, դա էլ բավարար չեղավ, եւ օրեր առաջ տեղի ունեցավ Փանիկ գյուղի միջադեպը` ռուսական ռազմաբազայի` Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելուն միտված անթույլատրելի պահվածքով: Եվ ահա Նիկոլ Փաշինյանի բավականին կոշտ գնահատականից հետո ռուսական մամուլը կրկին սրերն ուղղեց Հայաստանի դեմ: Ռուսական պալատական փորձագետներից Տարասովը սպառնաց, որ առանց ռազմաբազայի ՀՀ անվտանգությունը խաթարվելու է` նախազգուշացնելով ՀՀ վարչապետին զերծ մնալ «անհասկանալի հայտարարություններից»: Այնուհետեւ lenta.ru կայքն էլ Հայաստանը հռչակեց Ուկրաինայի «քույր պետություն»` ստոր հերյուրանքներով պնդելով, թե Հայաստանի նոր իշխանությունները ձգտում են ինտեգրվել ՆԱՏՕ-ին:
Բնական է, որ Կրեմլում չեն կարող զոհ գնալ վերոնշյալ սեւ քարոզչությանը, քանի որ հենց իրենք են դրա նախաձեռնողը: Առավել հետաքրքիր է, որ հեղափոխության շրջանում զերծ մնալով ուղիղ միջամտությունից` այսօր Ռուսաստանը սկսել է ատամներ ցույց տալ: Խելամտորեն ուղղակիորեն չխառնվելով ներհայաստանյան իրադարձությունների ընթացքին ու չխափանելով ժողովրդական շարժումը` Ռուսաստանն ընտրեց նոր իշխանությունների առաջ հետագայում դժվարություններ հարուցելու մարտավարությունը: Այս բավականին խելամիտ ու հանդարտ գործողությունները, որոնք հաճախ չեն բնորոշ Ռուսաստանի կովկասյան քաղաքականությանը, կարող են ՌԴ շահերի տեսանկյունից արդյունավետ լինել: Այժմ Ռուսաստանը փաստի առաջ է կանգնեցնում Հայաստանի նոր ղեկավարությանը, որը դեռ ամուր հողի վրա չի էլ կանգնած` հաշվի առնելով արտահերթ ընտրությունների ձգձգումը: Արդ, իշխանությունները պարտավոր են շուտափույթ մասնագիտական մոտեցում որդեգրել ՌԴ հետ հարաբերություններում` հրաժարվելով իրավիճակային լուծումներից, եւ դիվանագիտական ակտիվ քայլերով ռուսական շրջանակներին պարզաբանել սեփական դիրքորոշումը: Ռուսաստանը չի կարելի նույնացնել ծանրաշարժ արեւմուտքին, որտեղ որոշումները կայացվում են նաեւ քաղաքական էթիկայի տրամաբանության հիման վրա:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԴԵՄ ԵՆ ՏԱՐԱԾՔԸ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՆՎԻՐԵԼՈՒՆ
2018 թվականի մարտի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող նախկինում Իջեւանի զորամասի տարածք հանդիսացող շենք-շինությունները եւ 8,9 հա հողամասը անհատույց նվիրվել են Հայաստանյան Առաքելական եկեղեցուն: Այդ նվիրատվությունը կատարվել է առանց Գետահովիտ համայնքի ղեկավարի, ավագանու, համայնքի բնակչության կարծիքը հաշվի առնելու:
Գետահովտի ավագանին, համայնքի ղեկավարը կարծում են, որ ավելի նպատակահարմար է տարածքը եւ շինությունը մնան որպես պետական սեփականություն, այնուհետեւ հստակ ծրագիր լինելու դեպքում համապատասխան ներդրումներ ապահովելու պայմանով հանձնվեն որեւէ կազմակերպության կամ անհատի: Նրանց խոսքերով` առանց այդ էլ Գետահովիտը մեծ տարածքներ չունի, որոնցից կարողանար հարկեր գանձեր եւ ավելացներ իր սեփական եկամուտները: Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ կայացած հանդիպմանը մասնակցել են ՀԱԵ Տավուշի թեմի ներկայացուցիչները` թեմի առաջնորդ, տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Գետահովիտ համայնքի ավագանու անդամներ, համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը: Բագրատ եպիսկոպոսը հայտնել է, որ եկեղեցին նախատեսում է այնտեղ ստեղծել բազմագործառույթ կենտրոն` «Գետահովիտ մանկապատանեկան գյուղ», որը լինելու է որպես տեղական ու միջազգային երիտասարդական ճամբար, նաեւ որպես հոգեւոր վերականգնողական կենտրոն քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Նրա խոսքերով` նախատեսվում է հիմնանորոգել դեպի տարածք տանող ավերված ճանապարհը, բոլոր շինությունները, վերանորոգել լողավազանները, ստեղծել խոտածածկ ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի, վոլեյբոլի եւ թենիսի դաշտեր` ձեւափոխելով առկա շարահրապարակները:
Ակնկալվում է, որ կստեղծվեն աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել Գետահովիտի բնակիչները: Բագրատ եպիսկոպոսը հայտնել է, որ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է 3-5 միլիոն ԱՄՆ դոլար հայթայթել, այդ նպատակով իրենք բանակցել են տարբեր անհատ բարերարների ու կազմակերպությունների հետ: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հուլիսի 13-ին համայնքում նախատեսված է ժողով, որի ընթացքում կքննարկվի այդ խնդիրը: Նա ասաց, որ համայնքի ավագանին, դպրոցի կոլեկտիվը դեմ են եկեղեցու ծրագրին, Բագրատ եպիսկոպոսը իրենց հստակ չի հայտնել, թե ծրագրի իրականացման համար 3-5 միլիոն դոլարը ե՞րբ է հանգանակվելու, ե՞րբ է ծրագիրը կյանքի կոչվելու, դրա համար ի՞նչ երաշխիքներ կան: Համայնքապետն ասաց, որ հուլիսի 13-ի համայնքի ժողովը, ըստ ամենայնի, դեմ է արտահատվելու ծրագրին: Համայնքի ղեկավարի վկայությամբ` ըստ ընթացակարգի` պետությունը նշված տարածքները պետք է հանձնի համայնքին, համայնքն էլ` եկեղեցուն. Գետահովիտ համայնքը նման մտադրություն չունի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՎԱՐՈՐԴ ՉԿԱ, ԻՍԿ ԵՂԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԸ ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի այն բնակիչները, ովքեր օգտվում են 16 համարի ավտոբուսից: Նրանց պատմելով` այս ավտոբուսը գրեթե չի աշխատում, մարդիկ կանգառներում ստիպված են լինում ժամերով սպասել:

Նշենք, որ այս ավտոբուսից օգտվում են հիմնականում Նուբարաշենի բնակիչները. 16 համարի ավտոբուսի երթուղին սկսվում է Նուբարաշեն վարչական շրջանից մինչեւ Երեւանի կենտրոն: Այս համարի ավտոբուսը անկանոն է աշխատում, մարդիկ ստիպված են լինում կանգառում երկար ժամանակ սպասել: Իսկ բնակիչների հետաքրքրող հարցերին վարորդները միշտ պատասխանում են` վարորդ չկա, քիչ են, իսկ եղածներն էլ չեն հասցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ոչ միայն վարորդներն են քիչ, այլեւ երթուղին շահագործելու համար սահմանված քանակի շարժակազմն է (մեքենաների քանակը) փոքրաթիվ: Բանն այն է, որ այս երթուղու մի քանի ավտոբուս հայտնվել են ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդի հանված գույքի ցանկում: Մեզ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն 810 հազար դրամով վաճառում է 2007 թվականի արտադրության, բոլորիս հայտնի դեղին գույնի «Bogdan» կոչվող ավտոբուս: Ըստ ԴԱՀԿ-ի` ավտոբուսը գտնվում է շատ վատ վիճակում: Բոլորիս էլ պարզ է, թե ինչու է ԴԱՀԿ-ն ավտոբուսը աճուրդի հանել. երթուղին շահագործող ընկերության ֆինանսական խնդիրները, որոնց պատճառով հիմնականում գծատերերը իրենց շարժական գույքը գրավադրում են առեւտրային բանկերում եւ վարկային պարտավորությունները չմարելով` հրաժարվում են գրավադրած առարկայից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս