Հարված թիկունքից. ի՞նչ է սպասվում «Մարտի 1»-ի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, շուրջ 4 օր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, եւ մայիսի 18-ին նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին: Իսկ ի՞նչ կատարվեց դատարանի ներսում, եւ դեռ ինչե՞ր պետք է կատարվեն:Իրավիճակը մայիսի 16-ինԲանն այն է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել Արցախի ընտրված եւ լեգիտիմ նախագահը, ուստի մերժելու դեպքում դատարանը մերժելու է Արցախի ընտրված նախագահին, հետեւաբար` Արցախի ժողովրդին: Բայց, մյուս կողմից, դատական համակարգում եւ, մասնավորապես, ԲԴԽ-ում քննարկումներ են:

ArmLur.am-ի տեղեկություններով` դատական համակարգին մոտ կանգնած մարդիկ, իրավաբանները, ուսումնասիրելով իրավիճակը, եկել են այն մասնագիտական եզրակացության, որ նախագահների միջնորդությունը հանգիստ կարող է մերժվել նախադեպի բացակայության հիմքով: Ինչո՞ւ. դատաքննության նախապատրաստման փուլում որեւէ գործով կալանավորված անձի խափանման միջոց երբեք չի փոխվել: Այսինքն` նման պրակտիկա Հայաստանում չի եղել, ուստի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը չպետք է փոխվի:

Փաստ է մեկ բան. մինչ մայիսի 18-ի որոշման հրապարակումը դատական համակարգում կասկած չի եղել, որ երկրորդ նախագահը կմնա կալանքի տակ:

Որոշումն ու հետեւանքները

Բայց մայիսի 18-ին` մինչեւ որոշումը հրապարակելը, տեղեկություններ տարածվեցին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշում է եղել, որից ժամեր անց դատարանը որոշեց ազատ արձակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշումը դատական համակարգում մի շարք հարցեր է առաջ քաշել, մասնավորապես` ինչո՞ւ է իրավիճակ փոխվել, եւ արդյոք հնարավո՞ր է եղել ճնշել դատավոր Դավիթ Գրիգորյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները, վերլուծելով իրավիճակը, եկել են այն վարկածին, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվել է` դատական համակարգում գործող հայտնի սխեմայի համաձայն. սխեմա, որը դեռեւս անցած տարի հայտնվել էր իրենց ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 2018 թվականին` Հանրապետության հրապարակում պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգին ուղղված նախազգուշացումը՝ «խելքները գլուխները հավաքելու» մասին, պատահական չէր:

Փաշինյանի թիմում լուրջ կասկածներ կան, որ դատական համակարգի ներսում մի թիմ որոշել է սաբոտաժ կազմակերպել` գործելով հօգուտ նախկին իշխանությունների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վճիռը կայացնելուց առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ ինքը` Ռշտունին` քննարկելու թեման: Այս տեղեկությունը, սակայն, Ռշտունին հերքել էր:

Հերթական Սխեման

Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Երեկ դատական փորձագետ Արտակ Գալստյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի` Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ` Վազգեն Ռշտունի` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ, դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Ասել է թե` դեռեւս 2018 թվականին ՀՀ վարչապետի հայտարարությունը` «խելքներդ հավաքեք գլուխներդ», ոչինչ չփոխեց, եւ երեկ ունեցանք այն, ինչ ունենք:

Ի՞նչ է մտածում դատական համակարգը

Այս իրավիճակից եւ դատական փորձագետի հայտարարությունից հետո դատական համակարգը, վերլուծելով իրավիճակը, հետեւություններ է արել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն` դատական համակարգը եկել է այն եզրակացութւյան, որ դատական փորձագետ Դավիթ Գրիգորյանի հայտարարությունները եւ դեռ ավելին` ՀՀ վարչապետի ելույթը` «Առաջին` Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», շատ հարցերի պատասխանը տալիս են:

Այսպիսով, դատական համակարգում չեն բացառում, որ դեռեւս ամիսներ առաջ իշխանության կողմից ստեղծված դատավորների սեւ սխեման այս անգամ էլ է գործի անցել բոլորից գաղտնի: Ի դեպ, կան այս ամենի մասին փաստող անուղղակի ապացույցներ: Մասնավորապես, Դավիթ Գրիգորյանը քավոր սանիկական կապերի մեջ է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հետ:

Իսկ, ահա, Վարդանյանը մտերիմ կապեր ունի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ, եւ միգուցե նրանք են ազդել Գրիգորյանի վրա: Ավելին, դատական համակարգում չեն բացառում եւս մեկ վարկած. Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի որդին Ավանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, իսկ, ահա, նրա եղբայրը ինչ-որ բիզնես կապերի մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան որդու հետ, ուստի չի բացառվում, որ վարչապետի հայտարարությունը, թե դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին, նկատի է ունեցել այս կապերը:

Քնար Մանուկյան




Լրահոս