Ռուսական մուտքը Երևանում գտնվող բիոլաբորատորիա. ինչո՞ւ էին Մոսկվայում կասկածանքով վերաբերվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ն ու ՌԴ-ն նոյեմբերին փաստաթուղթ են ստորագրելու, որով ռուս մասնագետները, այդ թվում՝ ռազմական, մուտքի հնարավորություն կունենան Երեւանում գտնվող բիոլաբորատորիա, որը ամերիկյան ֆինանսավորմամբ է կառուցվել: «Կոմերսանտը» գրում է, որ հուշագրի մշակման աշխատանքներն ավարտվել են, եւ փաստաթուղթը ստորագրվելու է նոյեմբերի 10-11-ին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երեւան այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը բացառող համաձայնագիր մշակելու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ այժմ արտգործնախարար Լավրովի այցի կազմակերպման շուրջ աշխատանքներ են տարվում: «Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթերի ստորագրմանը եւ դրա բովանդակությանը, ապա նախքան փաստաթղթերի ստորագրումը դրանց բովանդակության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել»,- ասաց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը: Իսկ այս փաստաթղթի նախապատրասատման ավարատուն փուլին Սերգեյ Լավրովն, ի դեպ, անդրադարձել էր դեռեւս անցած տարեվերջին: Նա «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել էր. «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը, ինչը կերաշխավորի, որ ամեն ինչ թափանցիկ կլինի սպառնալիքների ու ռիսկերի բացակայության երաշխիքների առումով»:

Իսկ վարչապետ Փաշինյանը դարձյալ անցած տարի, բայց ավելի վաղ՝ աշնանը, «Կոմերսանտին» ասել էր, որ հենց իր հանձնարարականով ռուս մասնագետները մուտքի թույլտվություն են ստացել բիոլաբորատորիաներ: «Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ են: Մենք պատրաստ ենք համագործակցության, եւ ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այնտեղ՝ այդ լաբորատորիաներում, ոչ մի սարսափելի բան չկա: Այդ լաբորատորիաները շատ բարձր որակի են: Ես կարծում եմ, որ շատ լավ է, որ մեզ մոտ նման որակյալ լաբորատորիաներ կան»,- ռուսական պարբերականին ասել էր վարչապետ Փաշինյանը:

Տեղեկացնենք, որ Պենտագոնի միջոցներով ստեղծված բիոնյութերի ուսումնասիրությամբ զբաղվող այսպիսի լաբորատորիաներ կան Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում: Կոմերսանտը գրում է, որ Մոսկվայում կասկածով են վերաբերվում փակ ռեժիմով գործող հետազոտական այդ կենտրոններին:




Լրահոս