Մելաձեն ասաց, որ իտալացու աուրա ունեմ. Վրեժ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ մեր հայրենակից Վրեժ Կիրակոսյանը ելույթ ունեցավ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանի կույր լսումների վերջին օրը։

Նա ներկայացավ կոմպոզիտոր Գրեգորիո Ալլեգրիի «Miserere» ստեղծագործությամբ։ Ելույթի ժամանակ ժյուրիի անդամներից պտտվեց հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն եւ Վրեժն ընդգրկվեց նրա թիմում: «Ժողովուրդ» օրաթերթը Վրեժի հետ զրուցել է տպավորությունների եւ հետագա անելիքների մասին:

Նա նշեց, որ պատրաստվում է նախագծի հետագա փուլերին: Հաջորդ փուլում, օրինակ՝ երգիչը հանդես է գալու զուգերգով, եւ ժյուրին երկուսից ընտրելու է մեկին՝ նախագծում թողնելու համար:

Նոյեմբերի վերջին Վրեժը կրկին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, տրամադրվածությունը մարտական է. «Չգիտեմ՝ որքան երկար կմնամ նախագծի շրջանակում, բայց տրամադրվածությունս բավական լավ է»,- նշեց երգիչը:

Հարցին, թե ինչ հարաբերություններ է հասցրել հաստատել Կոնստանտին Մելաձեի հետ, Վրեժը պատասխանեց. «Հրաշալի հարաբերություններ ունենք: Երբ նա ինձ ավելի լավ ճանաչեց, ասաց, որ իտալացու աուրա ունեմ: Արդեն հասցրել ենք միասին փորձերի մասնակցել: Մենք միասին հաջող ենք համագործակցում, պետք է որ Մելաձեի հետ երկար ճանապարհ անցնենք»:

Իսկ հարցին, թե դասական երաժշտության ժանրն այսօր արդյոք մրցակցային է, Վրեժը պատասխանեց. «Այն թելադրող ժանր է: Սա ձայնի մրցույթ է հենց: Իսկ ժանրը թույլ է տալիս լավագույնս ցուցադրել ձայնը»:

Հիշեցնենք, որ Մելաձեն կույր լսումների օրը մեկնաբանություն էր տվել իր պտտվելու առնչությամբ. «Դուք չհանձնվեցիք։ Երեւում էր, որ մարդիկ չեն պտտվում եւ շատ կատարողներ այս էտապում հանձնվում են։ Տեսնում են, որ շանսեր չկան եւ սկսում են ավելի ու ավելի վատ երգել։ Դուք պայքարեցիք մինչեւ վերջ։ Եվ հենց վերջին նոտան էլ խոսում է ձեր լավատեսության եւ բնավորության մասին»,-ասել էր նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս