ՊԵԿ-ը ինչ-որ բաներ ունի՞ թաքցնելու. ի՞նչ է պատասխանել «Լիդիան Արմենիա»-ի հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս դեկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աժ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով ներկայացնել այն ֆինանսական ծախսերի ցանկը, որն իրականացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման համար որպես ներդրում:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նշված հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ՊԵԿ-ը ներկայացրել է այն տվյալները, որոնք իրենց հանձնաժողովը խնդրել էր տվյալ գերատեսչությունից:

-Պարո՛ն Բագրատյան, ի՞նչ են պատասխանել Ձեզ ՊԵԿ-ից «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Արդյոք Ձեզ բավարարո՞ւմ է այն պատասխանը, որը ներկայացվել է:

-Պետական եկամուտների կոմիտեն նախ մեզանից լրացուցիչ ցանկացավ ճշտել՝ մենք ամբողջ ծավալով ենք ինֆորմացիան ուզել, թե ոչ, մենք էլ հաստատեցինք, որ, այո, մենք ամբողջ ծավալով ենք ինֆորմացիան խնդրում: Դրանից հետո ՊԵԿ ներկայացուցիչը հարցում ձեւակերպեց հետեւյալ կերպ՝ որ այդ դեպքում շատ մեծ ծավալներ կլինեն, մենք էլ ասացինք, որ մենք համաձայն ենք, այն էլ՝ էլեկտրոնային տարբերակով է լինելու, թող ներկայացնեն, մենք այդ մեծ ծավալները պատրաստ ենք ուսումնասիրել:

Հետո մենք ստացանք ՊԵԿ-ից մի տեղեկատվություն՝ ընդամենը երկու էջի վրա զետեղված, որը ոչնչով չէր տարբերվում «Լիդիան Արմենիա»-ի կայքում տեղադրված ծախսային մասի տվյալներից: Հետեւաբար մենք լրացուցիչ պահանջ կներկայացնենք, եւՊԵԿ-ը պարտավոր է ամբողջ ծավալով տեղեկատվություն տալ: Երբ որ ընկերությունը ստացել է 29 միլիարդ դրամի արտոնություն եւ դրան համապատասխան ապրանքներ է ներկրել, պետք է մենք մանրամասն հասկանանք, թե ինչպիսի ապրանքներ են ներկրվել, եւ արդյոք կարելի է դրանք որպես ներդրում ձեւակերպել:

-Ըստ Ձեզ՝ ՊԵԿ-ը ինչ-որ բաներ ունի թաքցնելու, ինչի համար Ձեզ համար ցանկալի ինֆորմացիան չի ներկայացրել: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է խնդիրը:

-Ես կարծում եմ, որ ՊԵԿ-ում հավանաբար կա՛մ չեն հասկացել խնդրի բովանդակությունը, կա՛մ համապատասխան մասնագետը ճիշտ չի մոտեցել խնդրին: Բայց մենք խնդիր չունենք, մենք պահանաջատեր ենք ու պահանջելու ենք ամբողջ ծավալով տեղեկատվություն: Այնպեսոր, իմաստ չունի, որ որեւէ մեկը փորձի խուսափել մեր պահանջից:

Եթե մեր երկրի վրա որեւէ ընկերություն ձեւակերպում է, որ այսքան ծախս եմ արել, ու եթե պահանջի վեճ լինի, ես կարող եմ դա պահանջել պետությունից: Մենք նպատակ ունենք ապացուցելու, որ չկա այդքան ծախս, ու առնվազն այդ ծախսերը նպատակային չեն գոնե որոշ մասով:

Դա ապացուցելու համար պետք են այդ տվյալները փաստարկված ներկայացնելու համար: Իսկ մենք՝ որպես քննիչ հանձնաժողով, պարտավոր ենք այդ աշխատանքներն իրականացնել եւ կատարելու ենք բարեխիղճ՝ անկախ նրանից, որ որեւէ կառույց դանդաղի կամ ինչ-որ ձեւով փորձի դիմադրել: Մենք չենք թողնելու, որ որեւէ կառույց այդ գործառույթը ձախողի:

-Գուցե այս խնդրի վերաբերյալ հանդիպում-քննարկում ունենաք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու չեն ներկայացնում այն փաստաթղթղերը, որը պահանջել եք իր ղեկավարած կառույցից, ու ինչ է պատճառը, որ իրենք դանդաղում են այդ գործընթացում:

-Մենք առաջիկա երկու օրերին պատրաստվում ենք հանդիպել պարոն Անանյանի հետ ու մեր հարցերն ավելի հստակ կձեւակերպենք, ու կարծում եմ, որ արդեն ամբողջ ծավալով կստանանք տեղեկատվություն: Մեր քննիչ հանձնաժողովը իր բոլոր հարցերը կկարողանա այդ ժամանակ ուղղել Անանյանին, ինչից ավելի հարցերը կհստակեցվեն:

Ես կարծում եմ, որ այդ դեպքում ավելի արդյունավետ կլինենմեր աշխատանքները: Նաեւ ուզում եմ նշել, որ ուրբաթ օրը նախատեսված է մեր հանձնաժողովի եւ հնէաբանների հետ հանդիպում, աշխատանքային հանդիպում է լինելու, որի ժամանակ կբացահայտենք, որ Ամուլսարում կան բավականին հնէաբանական արժեքներ, որը փչացվելու է, եթե հանքը շահագործվի:

-Այսինքն՝ հնէաբանները ուսումնասիրություններ են իրականացրել Ամուլսարի հանքում, որտեղ պարզվել է, որ հնէաբանական արժեքներ կան ու հանքի շահագործման դեպքում դրանք ոչնչացվելո՞ւ են:

-Այո, այնտեղ կան հնէաբանական լուրջ շերտեր, որը ուրբաթ օրը նախատեսված մեր հանդիպմանը կներկայացնի մասնագետը, որպեսզի դա նույնպեսմեր եզրակացության մեջ ներառենք, որ ոչ միայն տնտեսական իմաստով, այլ նաեւ մշակութային իմաստով այդտեղ բազմաթիվ խնդիրներ ունենք: Դա պետք է ներկայացնել հանրությանն ու կառավարությանը:

-Ըստ Ձեզ՝ այդ ամենի մասին տեղյակ չե՞ն եղել ներկայիս իշխանությունները, այդ ուսումնասիրություններն արվել է նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին:

-Կարծում եմ՝ ներկայիս իշխանությունները դրա մասին տեղյակ չեն. եթե տեղյակ են, բայց ցանկանում են կողմ լինել հանքի շահագործմանը, կարծում եմ՝ որեւէ կառավարություն չի ունենա նման համարձակություն, որը թույլ կտա նման մշակույթի ոչնչացմանը. դրանք արժեքներ են, դրանց ոչնչացմանը, կարծում եմ, որեւէ կառավարություն չի գնա: Չեմ կարող ասել՝ նախկին իշխանությունները ինչ տեղեկություններ են ունեցել այդ ամենի մասին:

-Դուք կարծում եք՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այդ ամենը թաքցրել է հայրենի իշխանությունների՞ց:

-Կարծում եմ՝ բավարար տեղեկատվություն տրված չի եղել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս