ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ 42 մլն դոլարի զենք գնելու պատմությունից. ովքեր են թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցված քրեական գործից որոշ մանարամասներ են հայտնի դարձել:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում մարտի 11-ին՝ սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր. «Դեպք ունենք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որոնք հիմնականում պայքարում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ: Հայաստանը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու զենք, որն էլ, հետագայում պարզել են, անպիտան է, ասինքն՝ չի կարողանում ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս բացահայտումը արել է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ավելի ուշ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այս քրեական գործով հարցաքննության են հրավիրել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձանց: Իսկ ի՞նչ են ասել վերջիններս ԱԱԾ քննիչներին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս իրավապահներին պնդել են, թե զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է: Երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքը այն չի կարողանում որսալ ու ոչնչացնել: Ըստ ԱԱԾ-ում ցուցմունք տված ՊՆ պաշտոնատար անձանց՝ իրենք այդ ամենից հետո ոուսումնասիրություն են կատարել եւ հասկացել, որ հակառակորդը կատարելագործել է անօդաչու թռչող սարքերը, ուստի իրենց կողմից գնված ռադիոէլեկտրոնային միջոցը չի կարող ոչնչացնել անօդաչու սարքը, ուստի պետք է ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցները կատարելագործել, որպեսզի կարողանան թիրախավորել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը:

Նկատենք, որ 2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը բացառում է, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ նրան նախորդած ու հաջորդած Հայաստանի ղեկավարները կարող էին, սպառազինության անորակության մասին տեղեկություն ունենալով, այն ընդունել: «Իմ ղեկավարման տարիներին մենք այդպիսի մի սպառազինության տեսակ չենք ընդունել, որոնք կա՛մ անորակ են եղել, կա՛մ ոչ օգտագործելի: Կարող է պատահել, որ պայմանագրերը կնքված լինեն 2016 կամ 2017 թվականներին, բայց սպառազինությունն ընդունել են ավելի ուշ: Եթե կասեն, որ իմ ժամանակ է եղել, ես պատասխան կտամ»: Ստացվում է, որ Սեյրան Օհանյանը հերքում է իր հնարավոր մասնակցությունը այս գործընթացին:

Նկատենք, որ Վիգեն Սարգսյանը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար եւ պաշտոնից ազատվեց 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց մեկնաբանություն խնդրել Վիգեն Սարգսյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր անձնական նամակներին ու հեռախոսազանգերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս