ԴԻՄՈՒՄ ԱԱԾ-ԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի մարտին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել էինք «Մարտի 1»-ի գործով որպես վկաներ հարցաքննված ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ հատվածներ: Ընդ որում, այդ ցուցմունքները հրապարակել էինք այն ժամանակ, երբ արդեն ՀՀ ՀՔԾ-ն հայտարարել էր նախաքննության ավարտի մասին, սակայն  սա չխանգարեց ՀՔԾ-ին, որ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով քրգործ հարուցի։ Այս գործով, որպես վկա, հարցաքննության էր հրավիրվել նյութի հեղինակ, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանը։ Սակայն դրանից հետո դատարանի թույլտվությամբ վերծանվել էին նաեւ Քնարիկ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները, եւ փորձ էր արվել այդկերպ բացահայտել լրագրողի ինֆորմացիայի աղբյուրը։

Այս դեպքերից հետո «Ժողովուրդ» օրաթերթը իր աշխատակցի հեռախոսային խոսակցությունները վերծանելու թույլտվություն տված դատավոր Դավիթ Գրիգորյանի (Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր) վճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան, որի արդյունքում  փետրվարի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Քնարիկ Մանուկյանի հեախոսային հաղորդակցության վերծանումը ճանաչեց ապօրինի: Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ փետրվարի 27-ին Վճռաբեկ դատարան բողոք ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել դատախազի բողոքը, որովհետեւ այն ակնհայտ անհիմն էր: Այս իրավիճակը նշանակում է, որ Հայաստանում կան առնվազն երեք պաշտոնյաներ, ովքեր թույլ են տվել ակնհայտ ապօրինություն, եւ դա հաստատվել է Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական ուժի մեջ մտած դատական ակտով: Նրանք են դատավոր Դավիթ Գրիգորյանը, ՀՔԾ խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը գործով ի պաշտոնե թիվ մեկ պատասխանատուն է՝ որպես վերահսկող կառույցի ղեկավար։ Բացի այդ, դատախազն անձամբ Վճռաբեկ դատարան բողոքարկեց Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչը Վճռաբեկ դատարանը համարեց անհիմն։ Եվ հիմա ուղղակի իրավական անհրաժեշտություն է առաջացել 3 պաշտոնյաների պատասխանատվության համար. նրանք պետք է ապօրինություն գործելու համար պատժվեն։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել լրագրողի իրավունքները խախտած պաշտոնյաներին։ Աակնկալում ենք այս իրավիճակում նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը, որը միշտ եղել է լրագրողների իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, բարձրացրել է իր մտահոգությունները եւ փորձել պաշտպանել մասնագիտական իրավունքները։ Հիմա էլ, կարծում ենք, նա հետեւողական կլինի, որպեսզի ընդհանրապես լրագրողների նկատմամբ ոտնձգություններ թույլ տրված պաշտոնյաները անհապաղ պատասխանատվության ենթարկվեն եւ երբեք չփորձեն անգամ մտածել լրագրողից աղբյուրի բացահայտում պահանջելու մասին։ Չենք բացահայտել ու չենք բացահայտելու ոչ մի դեպքում։ Ինչ փորձություն էլ որ նախատեսեք մեզ համար, կդիմակայենք։

 

 

Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության եւ մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Նա հիշեցրել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին այդ ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ ովքե՞ր են եղել 2010 թվականի քրեկատարողական ծառայության պաշտոնատար անձինք, հետեւաբար նաեւ վերը նշված դեպքի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարն այդ ժամանակ եղել է ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը, Քրեակատարողական վարչության պետ է եղել Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում: «Ժողովուրդ» օրաթերթը Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանից հետաքրքրվեց, թե նա, լինելով Օպերատիվ բաժնի պետ, փորձե՞լ է գնալ վարչապետի հայտարարության հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ են արել իր նախորդները եւ ինչպես:  Ի պատասխան՝ Ռուբեն Խալապյանը հայտնեց. «ՀՀ վարչապետը հայտնել է, որ հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այդ երիտասարդն այն ժամանակ նույն տեղում իր հետ պատիժ է կրել, եղել դատապարտյալ։ Գործից որոշակի տեղյակ եմ, բայց հաշվի առնելով նախաքննությունը…: Նաեւ, բացի հետաքրքրվելուց, ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ենք անցկացրել։ Նախաքննությունը շատ հարցերի պատասխաններ կտա»։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին: Ըստ տեղեկությունների՝ Հայրապետյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե օրենսդիր մարմինն իր համար չէ, որեւէ գործ չի կարողանում անել խորհրդրանում, դրա համար էլ նա ցանկանում է տեղափոխվել կառավարություն, որտեղ կկարողանա ավելի լավ ինքնադրսեւորվել: Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 22-ին հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ միջադեպ է եղել Մխիթար Հայրապետյանի եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջեւ։ Տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանը նիստի ժամանակ դժգոհել էր Հարությունյանի գործունեությունից, հայտնել, որ այսպես շարունակվելու դեպքում ինքն իր մանդատը վայր կդնի։ Նա դժգոհ է կրթության բարեփոխումների ընթացքից։ Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է Հայրապետյանին սպասել, մինչեւ լուծում գտնի: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե Հայրապետյանը գործադիրում ինչ պաշտոնի է տեղափոխվում, սակայն նրա օգնականը հայտարարեց, թե նման բան չկա:

 

 

Հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչեւ հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաեւ հունիսի 16-ին մեկնարկելիք լիագումար նիստերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ: Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից փորձեց պարզել՝ որեւէ փոփոխություն սպասվում է քննարկան ընթացակարգում, թե ոչ, սակայն Գալստյանը նշեց. «Այս պահին որեւէ փոփոխություն առկա չէ»: Նշենք, որ, բացի այս քննարկումներից, արդեն մայիսի 26-ից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019թ. գործունեությունը: Այս օրակարգն արդեն կհաստատվի մայիսի 25-ի ԱԺ խորհրդի նիստում, որի ժամանակ կհաստատվի նաեւ բյուջեի քննարկումները հունիսի 2-ին սկսելու որոշումը: Նկատենք, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմասնակցեն նիստերին, թե ոչ, սակայն նա նշեց, թե նման որոշում չունեն:

 




Լրահոս