Երեկ՝ երեսունից ավելի ակումբային երգիչներ ու երաժիշտներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պարետ Տիգրան Ավինյանին, որում խնդրել են թույլ տալ իրենց կրկին վերսկսել աշխատանքը։
«ՀՀ-ում արգելված է ակումբային երգիչ-երգչուհիների աշխատանքը: Բաց են ժամանցի այլ վայրեր, բաց են նույնիսկ ստրիպտիզ ակումբները, որտեղ հաճախորդ-պարուհի շփումը շատ ավելի սերտ է, սակայն զարմանալի պատահականությամբ արգելված է երգիչների աշխատանքը, ովքեր գրեթե չեն շփվում հաճախորդների հետ:
Հիշեցնեմ. ակումբային երգիչները նույնպիսի շնչավոր մարդիկ են և քաղաքացիներ, ինչպես և, օրինակ, պատգամավորները: Հիշեցնեմ, որ այս շնչավոր մարդիկ ունեն ընտանիքներ և կենսական հոգսեր. սնվելու խնդիր, կոմունալներ վճարելու խնդիր, հարկեր, վարկեր և տան վարձեր վճարելու խնդիրներ, որ բացի տարրական հացի խնդրից, նրանք կանգնել են նաև բանկերի սև ցուցակներում հայտնվելու վտանգի առաջ»,-մասնավորապես գրված է նամակում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգչուհի Ջուսի հետ, ով նույնպես միացել է իր կոլեգաներին։
«Մեծ սպասելիքներ ունեմ Կառավարությունից, որ մեր ոլորտի ներկայացուցիչների հարցը կլուծի, ինչպես անում են այլ երկրներում։ Ինչպե՞ս կարող ենք ապրել առանց աշխատանքի, եթե արգելում են բեմ դուրս գալ, ուրեմն թող հոգան մեր մասին։Առանց աշխատանքի ինչպե՞ս կարեղ ենք անել, ո՛չ սնունդ գնել, ո՛չ տան վարձ տալ, ո՛չ կոմունալներն ու վարկերը վճարել, չի կարելի չէ՞ այսպես անել»,-ընդգծում է երգչուհին։
Նրա կարծիքով՝ Հայաստանում արիստների մասին հոգ չեն տանում։
Հարցին, թե արդյոք նա կմասնակցի հունիսի 15-ին Կառավարության դիմաց կայանալիք բողոքի ակցիային, որի նպատակը կառավարությունից պահանջելն է ռեստորանների աշխատանքը թույլատրելը․ նա պատասխանել է․«Ես անձամբ չեմ կարող ներկա գտնվել, քանի որ տանը խնամում եմ մայրիկիս, ով ունի ծանր հիվանդություն, բայց ես միանում եմ իմ կոլեգաներին»։
Լիդա Եղիազարյան