Կորոնավիրուսով վարակված քաղաքացին մատուցել է տաքսի ծառայություններ. քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է:

Վերջինս իրազեկված եւ տեղեկացված լինելով պարտադիր ինքնամեկուսացման մասին՝ արտակարգ դրության ընթացքում խախտել է ինքնամեկուսացման կանոնները եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները. 2020թ. հունիսի 24-ին 68-ամյա տղամարդն իր կողմից շահագործվող ավտոմեքենայով մատուցել է տաքսի ծառայություններ եւ կատարել ուղեւորափոխադրումներ:

Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) 1-ին մասով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս