ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից սկսել են գումարներ փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր խումբ: Հանցավոր համագործակցության նպատակին հասնելու, այն է՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից հնարավորինս շատ թվով ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումներն օտարերկրյա պետություններ իրականացնելու և դրա արդյունքում ոչ թե երեխայի լավագույն շահն ապահովելու, այլ՝ օրենքով և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 32-րդ հոդվածով արգելված «չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտ» ստանալու նպատակով, խմբում ընդգրկվել են ՀՀ գործող ծննդատների, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, դրա ենթակայության տակ գտնվող մանկատների, տեղական ինքնակառավարման, ՀՀ կառավարության և դրան առընթեր պետական և այլ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև՝ որդեգրումների գործընթացում թարգմանություններ կատարող, այլ ծառայություններ մատուցող և խմբի անդամների հետ մտերիմ կապերի մեջ գտնվող անձինք: Քննության տվյալներով՝ խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:
Պարզվել է, որ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների գործառույթներն իրականացնող անձինք յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար, որի չափն էականորեն ավելին է եղել որդեգրման ընթացքում ՀՀ տարածքում կատարվելիք ծախսերի համար անհրաժեշտ գումարից, ինչի արդյունքում գործընթացի մասնակիցներն ստացել են չարդարացված եկամուտ։ ՀՀ կենտրոնական մարմինը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի և դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելման և Կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել՝ այդ կերպ ստեղծելով համապատասխան պայմաններ` հանցավոր խմբի անդամների կողմից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումների իրականացման համար:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով և համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։
Միաժամանակ, քննությամբ առերևույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում օտարերկրյա պետությունում հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձը, 2010-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից Հայաստանի Հանրապետությունում առևտրային գործունեություն իրականացնող բանկերից մեկում գործող հաշվեհամարին ստացել է ավելի քան 1.290.000 եվրո գումար՝ ձևակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր:
Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել հիշյալ գումարների հանցավոր ծագումը, տարբեր անձանց և նպատակներով նշված բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, իսկ ավելի քան 402.000 եվրո գումար կանխիկացվել է նրա կողմից, որի գերակշիռ մասում նշված է եղել նաև նպատակը, այն է՝ անձնական կարիքների համար:
Նշված անձի մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձևակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաև նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ:
Այնուհետև, հիշյալ անձը, նպատակ ունենալով թաքցնել նշված գումարների հանցավոր ծագումը, հաշվեհամարին ստացված գումարներից ավելի քան 73.000 եվրո գումարը փոխանցել է մեկ այլ անձի, ինչպես նաև կատարել է անձնական վճարումներ: Արդյունքում փոխարկելով և փոխանցելով օտարերկրյա որդեգրումների գործընթացում ստացած դրամական միջոցները՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացրել են՝ կատարելով նշված դրամական միջոցների լվացում:
Վերը նշված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: