ԿՎՃԱՐՎԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։ Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաեւ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:

 

Բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով: Այսպես, կենսաթոշակը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է՝

1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո,

2) այլ քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո,

3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո,

4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո:

Մինչեւ 2021 թ. հունվարի 1-ը նշանակված եւ կանխիկ եղանակով, այսինքն՝ «Հայփոստի» միջոցով վճարվող կենսաթոշակների դեպքում, քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել այն բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակի հետագա վճարումը՝ անկանխիկ եղանակով: Դրա համար քաղաքացիները պետք է դիմում գրեն՝ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու վերաբերյալ՝

1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիս 1-ը,

2) այլ քաղաքներում` մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2022 թ.-ի հունվարի 1-ը,

3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչեւ 2022 թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը,

4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչեւ 2023 թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը:

Եթե դիմումի հիման վրա նշված ժամկետներում կենսաթոշակի վճարման եղանակն անկանխիկի չփոխվի, եւ կենսաթոշակառուն չընտրի բանկ, որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը, ապա դա կարվի Կառավարության սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով՝ հետեւյալ ժամկետներում.

1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից հետո,

2) այլ քաղաքներում (բացառությամբ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից հետո,

3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից հետո,

4) մինչեւ 1000 բնակիչ 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո:

Այսպիսով կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը կկատարվի 3 փուլով. սկզբում անկանխիկ եղանակով կվճարվեն նոր նշանակված կենսաթոշակները, հետո նախկինում նշանակված եւ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների դեպքում հնարավորություն կտրվի կենսաթոշակառուին ընտրել բանկ եւ կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով, իսկ երրորդ՝ վերջին փուլում մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար բանկը կընտրվի Կառավարության սահմանված կարգով:

Ընդ որում, բոլոր դեպքերում կենսաթոշակառուն հնարավորություն ունի դիմում ներկայացնելու միջոցով փոխել բանկը, որի միջոցով կենսաթոշակ է ստանում:

Հարկ է նշել, որ կենսաթոշակների վճարման նշված կարգը տարածվում է նաեւ պարգեւավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաեւ խնամքի նպաստի վրա: Այսինքն՝ նշված վճարատեսակները եւս կվճարվեն անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակների համար ներկայացված կարգով:

 

 

ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ՀՀ կառավարությունը նիստում որոշեց 2 մլրդ 646 մլն դրամ հատկացնել մարզպետարաններին 2019-ին սկսված, բայց չավարտված սուբվենցիոն ծրագրերի համար, որպեսզի դրանք ավարտվեն այս տարի: Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է 83 համայնքի 106 սուբվենցիոն ծրագրի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ ասաց, որ այս տարվա համար շուրջ 700 սուբվենցիոն ծրագիր կա, եւ աննախադեպ ծավալ են ունենալու. «Մենք պետք է համաֆինանսավորենք: Կարծում եմ՝ սուբվենցիոն ծրագրերը մեր ամենակարեւոր ուղղություններից են տարածքային համաչափ զարգացման համար»:

Արձագանքելով Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի հաստատվել է 701 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 44 մլրդ դրամի, որից Կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ:

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է

Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքեւ: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը։ Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետեւ ռեանիմոբիլով տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ եւ այլ վնասվածքներ։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

 

 

ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Միեւնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի: COVID-19-ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն:

 

 

ՉԱՊՐԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՕՐԸ

Տավուշից Հայրենական պատերազմի վետերանները անհանգստացած էին, որ 2020թ.  մայիսի 9-ից բավական ժամանակ է անցել, սակայն իրենք չեն ստացել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Ռուսաստանից ուղարկված հոբելյանական մեդալները եւ 30 հազար 500 դրամը։ Վետերանները մտահոգված էին, քանի որ  նրանց  տարիքը մեծ է, նրանք 90-ն անց են,  առողջական վատ վիճակում են,   կարող են չապրել մինչեւ գումարների վճարման օրը։ Վետերանների  միավորման նախագահ Սիմոն Եսայանը Ժողովրդին հայտնել էր, որ Ռուսաստանից ուղարկված մեդալները եւ գումարները իր մոտ են գտնվում, որի հետո ինքը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից ավտոմեքենա կխնդրի, որպեսզի մեկնի մարզեր, մեդալները եւ գումարները հանձնի վետերաններին։ Նա հայտնել էր, որ նախատեսում է մինչեւ հունիսի 10-ն  ավարտել մեդալների եւ գումարների բաժանումը,  սակայն մեդալների ու գումարների հանձնումը ուշացել է: Նոյեմբերյանի համայնքապետրանից հայտնեցին, որ հուլիսի 9-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի շենքում ՀՀ վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը եւ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Ամրամ Օհանյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ ՌԴ նախագահի անունից  հանձնեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ, ԱրՃիս, Ջուջեւան եւ Զորական գյուղերի բնակիչ 4 վետերանների համար նախատեսված մեդալներ եւ դրամական պարգեւները։ Այդ վետերաններից ամենատարեցը ծնվել է 1921թ. իսկ տարիքով համեմատաբար փոքրը՝ 1925թ։ Ցավոք, 4 վետերաններից 2-ը վերջերս  հեռացել են կյանքից, եւ նրանց համար նախատեսված մեդալները եւ դրամական պարգեւները ստացել են  նրանց հարազատները։

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՏԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում  է  ՀՀ քաղաքացի, 1987թ. ծնված Արտուշ Խաչատուրյանի դատավարությունը։ Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ 2020թ. հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 1-ն  ընկած ժամանակահատվածում՝ ժամը 19.00-ից մինչեւ 20.00-ի սահմաններում ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, Տավուշի մարզի Պտղավան գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետով հատել է հայ-վրացական պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 2020թ. ապրիլի 15-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Արտուշ Խաչատուրյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 2 միլիոն դրամ գրավով։ Այդ որոշման դեմ  քրեական գործով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը  մայիսի 18-ին Վերաքննիչ  դատարանի կողմից մերժվել է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս