ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թուրքիայի իրականացրած գազի որոնման աշխատանքները, որոնք լարվածություն են առաջացնում Հունաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում։ Գրում է ermenihaber-ը։
Ինչպես հայտնի է՝ թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։
Ըստ այդ հայտարարության՝ թուրքական «Օրուչ Ռեիս» նավը պետք է մուտք գործի այդ տարածք։
Հունաստանի, Եվրոպական միության երկրների հետ միասին այս զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Պետքարտուղարությունը մասնավորապես կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք ավելորդ լարվածություն են առաջացնում հույն-թուրքական հարաբերություններում։
ԱՄՆ-ն հորդորել է անմիջապես չեղարկել Հունաստանի ջրային տարածքում իրականացվող ծրագրերն ու դադարեցնել գազի որոնման աշխատանքները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հայտարարությունից հետո Հունաստանն իր նավատորմը բերել է մարտական պատրաստվածության և հունական նավերը տեղակայվել են Էգեյան ծովում։