«ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ ՕԳՆԵԼ». ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չեմ ուզում գնահատականներ տալ. հնարավոր է, որ ես իմ տեսանկյունից ասեմ, ինձ համար պլյուս լինի, իսկ մյուսի համար՝ մինուս: Կրակի շուրջը, եթե մեկը մի քիչ մոտ է, բողոքի տաքությունից կհասկանամ, բայց ինքը չի հասկանա իմ ցրտի մասին, եթե ես բողոքեմ: Ես հիմա ո՛չ ուզում եմ ինչ-որ բաներ ասել, ո՛չ էլ մխրճվել այդտեղ»,-  «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասան Վահագն Գալստյանը՝ անդրադառնալով համաճարակի եւ արտակարգ դրության պայմաններում  կառավորության աշխատանքին:

 

Դերասանի խոսքով` այս ամիսների ընթացքում նա ցանկություն է ունեցել որպես կամավոր աշխատել հիվանդանոցներում, սակայն մերժվել է. «Այս ընթացքում ես փորձել եմ անգամ կամավոր գնալ, բայց ասում էին՝ չէ, մեզ մենակ մայրապետեր են պետք, ես էլ ասում էի` լավ հայրապետեր պետք չե՞ն, արկղերը տանել-բերել պետք չի՞: Այս փորձանքը բոլորիս գլխին է եկել: Կարող է հիմա մեզ բան չի եղել, տանից էլ դուրս չենք գալիս, ամեն ինչ սկյուռիկի նման ապահովել նստել ենք, բայց չէ՞  որ այնտեղ իմոնք ենք, իմ սիրտը ցավում է բոլորի համար: Շատ եմ ցանկացել գնալ օգնել, բայց հետո պարզվել է, որ թափուր տեղեր չկան, գոնե այդ մարդկանց ձեռքը ջուր կտայինք կամ հավաքվեինք, մի խումբ ձեւավորեինք, բայց  դա պետք է ներպետական լիներ, նման առաջարկ լիներ, ի աջակցություն գնայինք օգնեինք այն ամենով ինչով, որ կարող ենք, թեկուզ պատուհանի տակ խոսելով: Ես չեմ հասկանում մի բան, որ նստում քննադատում են, ոչինչ չեն անում, բայց ուզում են ամեն բան լավ լինի: Չէ, այդպես չէ, մենք էլ մեր թեւերը պետք է քաշենք, ասենք՝ ինչ կա անելու, տղե՛րք, եկեք մի բռունցք դառնանք, մեզ որ բանի տեղ չեք դնում, ջհանդամը, բայց ի՞նչ կա անելու, եկեք միասին անենք: Եթե պետք է այս մեխը մեխել, խնդիր չկա, ես կգամ կմեխեմ, եթե մյուսը կարողանում է լավ մեքենա վարել, թող գնա վարի: Այսպես պետք է մոբիլիզացվել եւ գրագետ կարգավիճակով է պետք պայքարել, ոչ թե նստել ու ասել՝ այ, մարտին այսպես էին ասում, փետրվարին այնպես, հա, հետո՞, ո՞վ չգիտի, կամ իրենք չգիտե՞ն` ինչ են ասել, այդ դուք հիշո՞ւմ եք, իրենք չե՞ն հիշում»:

Դերասանի կարծիքով` նման կրիտիկական ժամանակահատվածում պետք է մի բռունցք դառնալ, համախմբվել մի նպատակի շուրջ, քանի որ նման պահերին ավելորդ քննադատությունները բերում են խուճապային իրավիճակի:

«Գնահատականներ չեմ ուզում տալ, թե ով, ինչ է արել կամ ասել, ինձ պետք է, որ սա շուտ ավարտվի, իսկ եթե կա  մի բան անելու, ես պատրաստ եմ: Մարդը, ով պետք է տվյալ տեղում լինի դիմակով, ինքը դիմակով չէ, եւ ես չեմ հավատում նման մարդկանց բարի ցանկություններին. չէ՞ որ առաջինը պետք է սկսես ինքդ քեզանից: Ասում են՝ դիմակ դի՛ր, ուրեմն դիր, էլի, ա՛յ ախեր, իսկ եթե չես ուզում դնել, ուրեմն այնպիսի մի տեղում մի դիր, որ ոչ  մեկի աչքն էլ չծակի: Չդնողներով հավաքվեք մի հատ ուրիշ տեղ: Ես կիսում եմ բոլորի այն ցավը, ովքեր այս ընթացքում ունեցել են կորուստներ: Դա անբացատրելի բան է, մի տեսակ անարդարացի է, ամո՛ւր եղեք, պի՛նդ եղեք, համարեք, որ սա վերջինն էր, ու թող այսուհետ այն օջախներում, որտեղ տխրությունն է եղել, հաջորդեն ուրախության առիթները: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին. այնպես չէ, որ միայն բժիշկներն են, իրենց թիկունքում շատ մեծ աշխատանք է տարվում, ահռելի ուժեր են ներդրված, ու սա խաղ ու պար չի, սա կարող է ավելի խորանալ, մուտացիայի ենթարկվել: Ֆիլմեր կան, որ նայում ենք, հենց այս օրերի համար են նկարահանված: Պետք է մի վայրկյան ստոպ տալ ու հասկանալ, թե ինչպես է ուրախ զվարթ կյանքը մի վայրկյանում կործանվում, հօդս ցնդում, եւ հենց Բեյրութի պայթյունը դա է փաստում, թե ինչպես է մարդն իր հարսանիքի ընթացքում մի վայրկյանում փլվում աշխարհը, իր նոր ստեղծած աշխարհի շեմին:  Հայ վանականն աղոթք կարդալիս եկեղեցին քանդվում է: Եվ թող ոչ մեկը ամպագոռգոռ հայտարարություններ չանի, քանի որ ոչ մեկն այս ամենից ձերբազատված չէ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վահագն Գալստյանի հավելմամբ` մեզ միայն մնում է առողջ լինենք, ժպիտով հաղթահարենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները եւ, ամենակարեւորը, հարգենք միմյանց:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՇԱՏ-ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՓԵՐԸ». ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ

«Առհասարակ սիրում եմ ամառային հանգիստն անցկացնել բնության գրկում, Հայաստանի մեր տեսարշաժան վայրերում, բայց այս վերջին 10 տարին գրեթե միշտ ծով ենք գնում»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է երգիչ Վարդան Բադալյանը՝ անդրադառնալով ամառային հանգստին։

 

«Շատ-շատ եմ սիրում Հունաստանի ափերն ու կղզիները, նաեւ երկիրը, ժողովրդին, դրա համար 3 տարի շարունակ գնացել ենք Հունաստան՝  այցելելով  տարբեր վայրեր։ Երեխաների համար էլ շատ լավ երկիր է, լավ ժողովուրդ են»,-նշեց նա։

Երգչի խոսքով՝ քանի որ այս տարի երկրի սահմանները փակ են, նա իր հանգիստն անցկացնում է հայրենի սահմանների ներսում.

«Գրեթե ամեն շաբաթ գնում ենք Հայաստանի մի վայր, շատ եմ սիրում Լոռի, Տավուշի մարզերը, չնայած որ Հայաստանի բոլոր վայրերն էլ գեղեցիկ են եւ յուրահատուկ»,-ընդգծեց նա։

Հարցին, թե ինչ արկածային դեպքեր կհիշի ամառային հանգստի վերաբերյալ,  Վարդան Բադալյանն ասաց. «Ճանապարհ գնալիս միշտ արկածներ լինում են։ Մի դեպք պատմեմ. Կրետե կղզում, երբ արդեն իսկ 6 ամիս առաջ նախօրոք տեղ էինք ամգրագրել, հասնելուն պես պարզվեց, որ տեղ չկա, բայց իհարկե մի քանի ժամ հետո կարգավորվեց խնդիրը։ Մի դեպք էլ պատմեմ. արտասահմանում կորցրել էինք մեր անձնագրերը, քարտերը, գումարները, մի քանի ժամ սթրեսի մեջ լինելուց հետո ինչ֊որ մի պայուսակի տակից գտանք»։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 




Լրահոս