Հունվարին Ուհանում ֆիլհարմոնիկը 80 հոգանոց համերգ է ունեցել. Թոփչյանը վստահեցնում է՝ կորոնավիրուս «չեն բերել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը 2019 թվականի դեկտեմբերի 25-ից 2020 թվականի հունվարի 10-ը Չինաստանի Ուհան քաղաքում համերգներ է ունեցել: Մենք տեղեկացանք, որ նվագախմբի 80 անդամներ հյուղախաղերով մեկնել են այնտեղ: Դա այն ժամանակահատվածն էր, որ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս անվամբ վարակ կա, ու այն սկսեց տարածվել:

Հայաստանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, առաջին անգամ կորոնավիրուս հաստատվել է մարտի 1-ին: Սակայն դեռեւս հունիսի 6-ի պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցը հայտարարել էր, թե Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել հունվար-փետրվարից սկսած։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղղել էր նրան.

«Պարոն Դավիդյանց, թերևս լարվածությունից դուք ասացիք հունվար-փետրվար, բայց արձանագրենք, որ առաջին կորոնավիրուսային դեպքը Հայաստանում արձանագրվել է մարտի 1-ին, դրանից առաջ կորոնավիրուսի դեպք չենք ունեցել»։

Այս հայտարարությունից հետո, սկսվել էր թեժ քննարկում, որ գուցե Դավիդյանցը իսկապես չէր սխալվել, ու վիրուսն այդ ժամանակ եղել է ՀՀ-ում, քանի որ այդ նույն ժամանակահատվածում Ուհանում են եղել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Մենք փորձեցինք նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանից պարզել, թե արդյոք իրական է այն տեղեկությունը, որ իրենք հունվարին Ուհանում համերգներ են ունեցել: Սակայն մեր զրուցակիցը վրդովվեց մեր հարցերից:

-Պարո‘ն Թոփչյան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունվարին համե՞րգ է ունեցել Ուհանում:

-Ֆիլհարմոնիկը հունվարի 10-ին Երեւանում է եղել: Համերգը եղել է հունվարի 7-ին: Եթե պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանում առաջին դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին, ֆիլհարմոնիկը հունվարի 10-ին արդեն Երեւանում է եղել, վերադարձել է առանց դեպքերի: Ֆիլհարմոնիկում ոչ ոք չի հիվանդացել, ինչի մասին ենք մենք խոսում, ամբողջ աշխարհում Կովիդի խոսակցությունը կարծեմ սկսվել է հունվարի 20-ից հետո:

-Չինաստանի Ուհան քաղաքում դեպքերը եղել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

-Շատ լավ, Ուհանը 16 միլիոնանոց քաղաք է, այդ ժամանակահատվածում Ուհանում եղել է ընդամենը 20 դեպք: Հունվարի սկզբին այնտեղ եղել է 20 դեպք, ֆիլհարմոնիկը 24 ժամով եկել մի հատ համերգ է նվագել ու գնացել է, հունվարի 9-ի գիշերը ֆիլհարմոնիկը Հայաստանում է եղել ու ոչ մի տեղ դրանից հետո ոչ մի տեղ չի գնացել:

-Այսինքն, երբ վերադարձել եք Հայաստան, ֆիլհարմոնիկի անձնակազմից որեւէ մեկը ինչ-որ ախտանիշներ չի՞ ունեցել:

-Ոչ մի դեպք, մենք մինչև մարտի 13-ը ամբողջ կազմով առողջ, սիրուն համերգներ ենք տվել Երեւանում: Մինչեւ եղավ լոկդաունը, ու փակվեց ամեն ինչ: Մենք մի 10 օր վերադարձից հետո հանգստացել ենք ու շատ լավ համերգներ ենք տվել: Ենթադրենք, թե ունեցել ենք դեպքեր, կան բժիշկներ, որ ասում են էսինչյան էսինչը դեպք է գրանցել, դեպքեր են եղել: Լուրը եղել է մարտի 1-ից: Մենք Ուհանում եղել ենք 80 հոգով: Այսինքն, դուք առաջարկում եք, որ ֆիլհարմոնիկը Ուհան չգնա՞ր: Պետք չէ օգոստոսին խոսել այդ ամենի մասին: Պաշտոնապես ամեն ինչ ասվել է՝ մարտի 1-ին Հայաստանում եղել է առաջին դեպքը: Այսքանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս