2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված «գյուլենական համայնքի» անդամների ձերբակալությունները դեռ շարունակվում են, գրում է ermenihaber.am-ը։
Այս անգամ FETÖ-ի հետ (Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) կապ ունենալու մեջ կասկածվող 31 զինվորական է ձերբակալվել:
Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից երկրի ԶՈւ-ում գյուլենականների ցանցի դեմ իրականացող մի հետաքննության շրջանակներում:
Հաղորդվում է, որ ձերբակալման որոշում է կայացվել 47 կասկածյալի նկատմամբ, սակայն երկրի մի քանի նահանգներում սկսված համաժամանակյա օպերացիաների արդյունքում մինչ այժմ հաջողվել է ձերբակալել նրանցից 31-ին: Ձերբկալվածների թվում է ռազմաօդային ուժերի հրամանատարության 1 մայոր, որն ավելի վաղ հրաժարական էր տվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄն-ում բնակվող միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆելուլլահ Գյուլենին են մեղադրում 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։