ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները վերահսկողություն են կատարել Երևանի Արցախի փողոցի, Բաղրամյան պողոտայի ամբողջ երկայնքով, Հանրապետության հրապարակի և հարակից կանգառներում, ինչպես նաև ՃՈ Նորագավիթի հենակետում՝ մայրաքաղաք մուտք գործող և դուրս եկող մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցների անվտանգ գործունեության նկատմամբ։ Արդյունքում տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։
Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, մայրաքաղաքի տվյալ վարչական շրջաններում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են նորից գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։
ՀՀ Արմավիրի մարզում դիտարկվել են շուրջ չորս տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են իրավախախտման երկու դեպք, որից մեկը եղել է ՀՀ պարտի կողմից տրված ցուցումների խախտում՝ մասնավորապես թիվ 203 Էջմիածին-Երևան միկրոավտոբուսում եղել են նստատեղերից ավել ուղևորներ, իսկ Արմավիր-Նորավան ներմարզային թիվ 001 երթուղին շահագործվել է առանց ճանապարհային թերթիկ։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բենզինի ու գազի լցակայաններում և շինանյութի առևտրի կետերում:
Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել, առկա են եղել ինչպես փակ աղբամանները, այնպես էլ դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակել է ՀՀ մարզերի և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հուշակոթողների, կանաչ գոտիների, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում իրականացնել լայնամասշտաբ մշտադիտարկումներ և խստացված ստուգայցեր։
Խախտումների ցուցանիշների համեմատականը փաստում է, որ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից կատարված ամենօրյա շրջայցերի ու իրազեկման, բացատրական աշխատանքների արդյունքում գրանցվել են ակնհայտ դրական փոփոխություններ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերի թիրախում այսօր բացառապես մայրաքաղաք Երևանն էր. լայնածավալ վերահսկողությունը իրացման ցանցում ու հանրային սննդի օբյեկտներում արձանագրել է անթերի իրավիճակ. բոլոր տնտեսավարողները խստորեն պահպանում են Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված և ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ անվտանգության նորմերը։