Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և այլ բժշկական հաստատությունների ավելի քան 100 բուժաշխատողներ: ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսել նաև պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցներ:
Շնորհակալագրերը հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Իր խոսքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է. «Նախ՝ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը, թերևս, Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Կարծում եմ՝ հենց այդ տոնի շրջանակում լավագույն առիթն է նշելու և առանձնակի ուշադրության արժանացնելու մեր այն քաղաքացիներին, ովքեր առանձնահատուկ և կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ մեր հանրային կյանքում»: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ ամբողջ աշխարհն անցնում է բավականին դժվար մարտահրավերների միջով: «Պետք արձանագրենք՝ չնայած կորոնավիրուսի համավարակն ավարտված չէ, այնուամենայնիվ, մեր կառավարությունը՝ ձեր անմիջական մասնակցությամբ և շնորհիվ կարողացել է և կարողանում է համաչափ միջոցներ ձեռնարկել և դիմակայել այս ճգնաժամին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ այն կրելու է շարունակական բնույթ: «Ցավոք, համավարակը չենք կարող համարել ավարտված և հաղթահարված, ուստի բոլորիս մաղթում եմ անսպառ ուժ ու եռանդ հետագա աշխատանքների իրականացման ճանապարհին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ ArmLur.am այսօր գրել էր, որ տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը, որին, սակայն, նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր: