ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ՄԱՑՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունն է:  Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

 

Նկատենք, որ նա հայտնի է որպես քաղաքական որոշումներ կայացնող դատավոր: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ եւ իր մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ նա հարուցված քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ գործը հարուցվեց կառավարության հրաժարականի՝ իր պահանջից անմիջապես հետո: Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունները համապետական հանրահավաք են հրավիրել:

Ի դեպ, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների  համաձայն՝ այնպես է արվել, որ Գագիկ Ծառուկյանի գործը Կենտրոնի դատարանի հերթապահության օրը լինի: Իսկ, ահա, կենտրոնի նստավայրը հերթապահություն է իրականացրել սեպտեմբերի 14-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը, եւ Ծառուկյանի գործը դատարան է մուտք եղել անցած շաբաթ եւ կոնկրետ մակագրվել է Մնացական Մարիտրոսյանին:

Ո՞վ է Մնացական Մարտիրոսյանը. վերջինս պատահական դատավոր չի համարվում: Նա հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերներ կատարող, ավելի կոնկրետ՝ քաղաքական պատվերների դատավոր: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու ակնհայտ շինծու դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ: Ի դեպ, օրերս դատավորի շուրջ աղմկահարույց միջադեպ արձանագրվեց. Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանություն եւ դանակահարություն էր տեղի ունեցել, որին ականտես, մասնակից էր եղել դատավոր Մնացական Մարտիրոսյանի` Մացոյի որդին՝ Անտուան Մնացականյանը, որը ներկայացել է ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք:

Սակայն ավելի ուշ իրավապահները նշեցին, թե վերջինիս որդին ընդամենը դեպքին ականատես է եղել եւ կատարվածին ոչ մի մասնակցություն չի ունեցել:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի մասով տարբեր քրեական գործեր կան: Վերջերս էլ մի այդպիսի գործի մասին հայտարարություն տարածեց նաեւ Պետական եկամուտների կոմիտեն:

Պետեկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար կաշառք են տվել։

Բացի այդ, նշվում է, որ «Արարատցեմենտ» ընկերության որոշ աշխատակիցներ ստիպողաբար անդամակցել են «Բարգավաճ Հայաստան»-ին եւ աշխատանքից ազատվելու սպառնալիքով ձայներ են ապահովել կուսակցության օգտին, ինչպես նաեւ ներկայացրել անձանց ցուցակներ, որոնք պատրաստակամություն են հայտնել քվեարկել Ծառուկյանի գլխավորած կուսակցության օգտին։

Ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման եւ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված այս քրեական գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն։

 

Գլխավոր դատախազությունից գործն արդեն իսկ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ` այնտեղ քննվող քրեական գործին միացնելու եւ մեկ վարույթի շրջանակներում քննություն իրականացնելու նպատակով:

Խոսքն ընտրակաշառք բաժանելու դեպքով ավելի վաղ հարուցված քրեական գործի մասին է, որով Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է։ Հենց այս գործի շրջանակում դեռեւս հունիսին Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Այս գործը Ծառուկյանն ու նրա պաշտպանները որակում էին որպես քաղաքական հետապնդում եւ հիմնավորում, թե քրեական գործում չկա գեթ մեկ տվյալ Ծառուկյանի դեմ, որ նա հրահանգել է ընտրակաշառք բաժանել։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՏՆՕՐԵՆԸ՝ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերեւույթ խարդախությամբ` խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ քրգործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բազմաթիվ քաղաքացիներից դիմումներ են ստացվել: Դեպքերի առթիվ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Որոշում է կայացվել՝ տուրիստական գործակալության տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008թթ. ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաեւ, ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր ձեւական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով շուկայական եւ կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։ Ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ, որ առկա են նաեւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը եւ գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետեւանքով Երեւան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երեւան համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

 

ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի նախկին եւ ներկա ղեկավարների կողմից կատարվել են ենթադրյալ ապօրինություններ: Մասնավորապես՝ Արտաշատի նախկին քաղաքապետի կողմից իր պաշտոնավարման ժամանակահատվածում Արտաշատի մանկական գեղարվեստի դպրոցի կիսակառույց շենքը վաճառվել է ձեւական աճուրդով եւ գնվել շուկայականից ցածր գնով:

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ այն հիմնավորմամբ, որ վերը նշված դեպքի փաստով ձեռք չեն բերվել հանցագործությունը հաստատող բավարար հիմքեր, եւ սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցները: Արարարտի մարզի դատախազությունում ստուգվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը, որի արդյունքում պարզվել է, որ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները եղել են ոչ լիարժեք: Նաեւ պարզվել են այնպիսի հանգամանքներ, որոնք պահանջում են դրանց դեպքի իրական հանգամանքների լիարժեք պարզման նպատակով լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության իրականացում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Արտաշատի նախկին քաղաքապետ Գ. Մ.-ի 2006թ. մարտի 31-ի որոշման համաձայն` «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոց»-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է դպրոցի շինությունների փաստացի զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 2331.0 քմ մակերեսով հողատարածք: 2006թ. նոյեմբերի 8-ին Արտաշատի համայնքապետարանում իրականացվել է «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքի աճուրդը: Շենքի շուկայական արժեքը գնահատվել է 6.500.000 ՀՀ դրամ, որը վերաբերել է միայն շինություններին, իսկ հողատարածքի շուկայական արժեքը դրա մեջ ներառված չի եղել: Աճուրդին մասնակցել է նաեւ Արտաշատի քաղաքապետ Գ. Մ.-ի որդին՝ ներկայում Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս. Մ.-ն, եւ նշված շենքը գնել 7.155.000 ՀՀ դրամով: Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ իրենց պաշտոնեական դիրքը ծանր հետեւանքների առաջացմամբ ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

 

 




Լրահոս