Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը լիակատար աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից: Պատգամավորը Եվրամիության անհապաղ արձագանքն է ակնկալում իրավիճակի առնչությամբ:
«Որպես Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության հանձնախմբի նախագահ՝ ես հրատապ նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին՝ իրազեկելով իրավիճակի մասին: Ես Եվրամիությունից խնդրում եմ անհապաղ գործողություններ ձեռնարկել»,- նշում է ԵԽ պատգամավորը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ:
Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: