«Թվերը պարզ ասում են՝ մենք հաղթելու ենք այս մրցապայքարում». Բայդենը հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ ավելի քան 300 ընտրիչի ձայն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ դեռ պատրաստ չէ հայտարարել ընտրություններում իր հաղթանակի մասին, սակայն արդեն իսկ պարզ է, որ հաղթել է, գրում է The Guardian-ը։

Բայդենի խոսքով՝ իրեն կհաջողվի ստանալ ընտրվելու համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչի ձայն։

«Թվերը մեզ պարզ ասում են՝ մենք հաղթելու ենք այս մրցապայքարում։ Մենք հաղթում ենք Արիզոնայում և Նևադայում։ Մեր առավելությունը Նևադայում կրկնապատկվել է։ Մենք պատրաստ ենք ստանալ ավելի քան 300 ընտրիչի ձայն», – ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ ավելի քան 74 միլիոն ամերիկացի արդեն իսկ իրեն է աջակցել, ինչ ավելին է, քան երբևէ գրանցվել է ԱՄՆ պատմության մեջ։

Իր համախոհներին Բայդենը կոչ է արել պահպանել հանգստություն, քանի դեռ շարունակվում է ձայների հաշվարկը՝ խոստանալով, որ թույլ չի տա դադարեցնել այդ գործընթացը։

«Ձեր ձայները կհաշվվեն, և ինձ համար միևնույն է, թե ով և ինչպես է փորձում դադարեցնել ձայների հաշվարկը։ Ես թույլ չեմ տա, որ նման բան տեղի ունենա», – ասել է նա։

Դեմոկրատ թեկնածուի խոսքով՝ ամերիկացիները պետք է հիշեն, որ հակառակորդները կարող են ընդդիմախոս լինել, սակայն նրանք թշնամիներ չեն։

«Մենք կարող են տարաձայնություններ ունենալ, և դա նորմալ է», – հավելել է նա՝ ընդգծելով, որ աշխատելու ինչպես իրեն սատարողների, այնպես էլ իր դեմ քվեարկածների շահերից ելնելով։

«Համենայն դեպս մենք կարող ենք համաձայնել, որ միմյանց նկատմամբ պետք է քաղաքակիրթ լինենք», – նշել է Բայդենը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։




Լրահոս