Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Այս մասին մամուլի համար հայտարարությամբ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։
«Վերջին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները կոչ էր անում դադարեցնել բռնությունները և դատապարտել ռազմական սրացումը, որը հանգեցրեց զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել միջազգային իրավունքով, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։
Վերջին մարտերի ավարտը միայն առաջին քայլն է՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևակսն և կայուն քաղաքական լուծմանը` հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները շարունակում է ամբողջությամբ ներգրավվել այդ ջանքերում:
Մեր դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ, Միացյալ Նահանգները տրամադրում է 5 մլն դոլար մարդասիրական օգնություն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների, այլ գործընկերների՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու գործողություններին աջակցելու համար: Այս ֆինանսավորմամբ ԱՄՆ 2019 ֆինանսական տարվանից ի վեր Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր գումարը հասնում է ավելի քան 10 մլն դոլարի, որը ներառում է գրեթե 3,9 մլն ԱՄՆ դոլար` COVID-19- համավարակին արձագանքելու համար` օգնելով խոցելի միգրանտներին, տեղահանվածներին և նրանց ընդունող համայնքներին: Պետական դեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված նոր օգնությունը կօժանդակի հակամարտությունների արդյունքում տուժած անձանց սնունդ, բուժօգնություն, կացարան և այլ շտապ օգնություն տրամադրելու տեղական ջանքերին: ԱՄՆ կառավարության մարդասիրական փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի ազդեցությունը: Մենք ընդունում ենք միջազգային համայնքում մեր գործընկերների ներդրումը և կոչ ենք անում այլ կառավարություններին միանալ այս ջանքերին նոր և աճող աջակցությամբ»: