ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը: Ըստ այդմ, միանվագ դրամական օգնությունը նշանակում եւ վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը: Խոսքը յուրաքանչյուր քաղաքացուն 300 հազար դրամի չափով միանվագ աջակցություն տրամադրելու մասին է: Սակայն սա միակ ծրագիրը չէ. արցախահայության աջակցության համար այս պահին կա 2 հաստատված միջոցառում: Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68.000 դրամի չափով: Այս պահի դրությամբ արդեն մոտ 30.000 քաղաքացի ունի հաստատված դիմում: Այս 2 միջոցառումն է հաստատված, նաեւ քննարկվում է մի քանի միջոցառում: Մասնավորապես, այն քաղաքացիները, որոնք այս պահին, իրենց բնակավայրերերի կորստով պայմանավորված, իրենց կեցությունն առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում, նաեւ որոշակի ծախսերի փոխհատուցման մեխանիզմ կունենան: Սա արցախցիների համար, սակայն սկսվել է նաեւ զինվորների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Երեկվա դրությամբ Զինվորների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների: Նշենք, որ զոհված, անհայտ կորած կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամի ֆինանսական հատուցում, այնուհետեւ յուրաքանչյուր ամիս 20 տարի շարունակ հիմնադրամը վճարում է 200-300 հազար դրամ։ Գումարի տարբերությունը պայմանավորված է տվյալ զինծառայողի զինվորական աստիճանով՝ ժամկետային է, պայմանագրային, թե սպա։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողը միանվագ կստանա 5 միլիոն դրամ, այնուհետեւ կրկին քսան տարի շարունակ՝ 100-200 հազար դրամ ամսական հատուցում։ Եթե զինծառայողն ունի երեք եւ ավելի երեխաներ, ապա այդ երեխաների համար հիմնադրամը լրացուցիչ 100 հազար դրամ կվճարի։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն դուրս է գրվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Մեր տեղեկություններով՝ չնայած Արարատ Միրզոյանն արդեն տանն է, բայց դեռեւս գտնվում  է ապաքինման փուլում. դժվար է քայլում։ Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ արդեն ձեռքի, քթի ու նաեւ աչքի շրջանում լուրջ վիրահատության է ենթարկվել, եւ ապաքինման գործընթացը երկարատեւ է լինելու: Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Լուրը լսելուց հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Այս գործով արդեն երկու ձերբակալված անձ կա: Առաջիկայում, եթե Միրզոյանն իրեն լավ զգա, խորհրդարան է վերադառնալու իր պարտականությունները կատարելու համար:

 

 

 

ՀՀ կենտրոնական բանկը խորհրդի նոր անդամ կունենա: Այդ հարցն ընդգրկված է դեկտեմբերի 1-ի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում: «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածուն Դավիթ Ռոբերտի Նահապետյանն է, եւ նիստում կքննարկվի  Ազգային ժողովին այդ պաշտոնին թափուր տեղի համար որպես թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Վերջինս այժմ հանդիսանում է ԿԲ գլխավոր քարտուղար – գործադիր կոմիտեի անդամ: Նշենք, որ հաջորդ շաբաթ  խորհրդարանում տեղի կունենան հանձնաժողովների նիստեր: Նոյեմբերի 30-ից մեկնարկող հանձնաժողովների նիստերի ժամանակ կքննարկվեն այն նախագծերը, որոնք պետք է քննարկվեն արդեն ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, որն էլ մեկնարկելու է դեկտեմբերի 8-ից: Նոյեմբերի 30-ին նիստ կգումարի ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում ընդգրկված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Չնայած դեռ լիագումար նստաշրջանի օրակարգը տեղադրված չէ, սակայն այդ նստաշրջանում պետք է քվեարկության դրվի նաեւ 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը:

 

 

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ՝ նոյեմբերի 27-ին, խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում: Ծրագիրը բաղկացած է 12 կետից։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը. ընդդիմադիր խմբակցությունը նկատում է՝ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, խորհրդարանը ընտրի վարչապետ, եւ ձեւավորվի իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն: Որպես երկրորդ կետ՝ ամրագրված է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումը: Մյուս կետերից մեկում ամրագրվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում հայանպաստ լուծումների հասնելու նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնումը, ինչպես նաեւ զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովումը: 12 կետերից հետո արդեն վերջին՝ 13-րդ կետով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է, որ ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ պետք է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ

 

 




Լրահոս