ArmLur.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ՝ պարզելու համար, արդյոք հանրահավաքները, իրենց փողոցային պայքարն իրենք համարում են ավարտված, քանի որ իրենց պահանջը չի կատարվում: Նշենք, որ 16 կուսակցությունները գրեթե ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ էին իրականացնում ու պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը վերջին օրերին դադարեցվել է:
-Պարոն Վանեցյան, 16 կուսակցությունները կարծես թե իրենց փողոցային պայքարը դադարեցրել են, հանրահավաքներ չկան, ինչու՞, արդյոք սա նշանակում է, որ կուսակցության ղեկավարները եկել են այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու, ուստի անիմաստ են այդ հանրահավաքները:
-Չեմ կիսում Ձեր տպավորությունը։ Ավելին, թե՛ 16 կուսակցությունները և թե՛ Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության անգործության դեմ բողոքող ու նրա հրաժարականը պահանջողները շարունակում են իրենց պայքարը։ Արդեն առիթ եմ ունցել ասելու, որ մենք մոտեցել ենք մի վտանգավոր վերջնակետի, որտեղ լրջագույնս վտանգված է մեր պետությունը, հետևաբար սա մի իրավիճակ է, երբ չես կարող մի քիչ պայքարել ու հետո թողնել գնալ տուն։ Այս պարագայում նաև տեղին չէ պայքարի ձևաչափը բացառապես հանգեցնել զուտ հրապարակում ցույց անելուն և ըստ այդմ էլ եզրակացություններ անել։ Հրապարակային պայքարն անչափ կարևոր է, այն եղել և շարունակվում է, պարզապես այդ ամենն էլ ավելի արդյունավետ ու համակարգված դարձնելու համար ներկա փուլում ընթանում են զուգահեռ այլ գործընթացներ, որոնց հանրային դրսևորումներին ականատես կլինենք առաջիկայում։ Սկսված պայքարը շարունակվելու է նոր թափով և ունենալու է կոնկրետ արդյունքներ։
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական չներկայացնելուն, ապա բոլորի համար է արդեն տեսանելի, թե այդ մարդն ինչպիսի մոլագարությամբ է կառչել իր աթոռին ու կռիվ է տալիս իր նեղ անձնական շահերի համար։ Դա Նիկոլ Փաշինյան կերպարի դժբախտությունն է, բայց ոչ երբեք պատճառ կամ առիթ, որ այսքանից հետո որևէ մեկն այդ հիմքով դադարեցնի իր պայքարը։ Բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն ի վերջո իր միասնականությամբ ու ոտքի կանգնելով կբացատրի Նիկոլ Փաշինյանին իրերի իրական դրությունը։
-Տեղեկություններ կան, որ իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Դուք ևս այդ կարծիքին եք, արդյո՞ք Ձեր ղեկավարած կուսակցությունը ևս պատրաստվում է արտահերթի:
-Իշխանություններն արտահերթ կամ հերթական ընտրություններին պատրաստվելու փոխարեն լավ կանեն հայ ժողովրդի կոկորդին կանգնած օրհասական խնդիրների լուծումներով զբաղվեն, որոնց մեղավորներն ի դեպ բացառապես իրենք են։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրման երկրորդ մասին, ապա ասեմ, որ այս պահին ցանկացած պատասխանատու ուժի խնդիրը պետք է լինի հրատապ քայլերով երկրի մեջքն ուղղել ու պետությունը դուրս բերել այս աղետալի վիճակից, այլ ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներ տանել։ Մինչ բանն արտահերթ ընտրություններին հասնելը կան կարևորագույն մի խումբ խնդիրներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված արտահերթ ընտրությունների տրամաբանության մասին մենք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերս, արդեն առիթ ունեցել ենք խոսելու և մեր տեսլականը ներկայացնելու, հետևաբար դրանից շեղվող ցանկացած օրակարգի առաջ մղումը կարելի է գնահատել որպես իշխանության կողմից հանրության ուշադրությունը շեղելու հերթական փորձ։
Զրուցեց Սոնա Գրիգորյանը