ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի եւ կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ եւ արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ: Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ:

Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ աջակցություն է տրամադրվում անասնաբուծության ոլորտին։

Արտյոմ Ջանիբեկյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախարարությունը մեկնարկել է երկու ծրագիր՝ ուղղված անասնաբուծության ոլորտի զարգացմանը։  Դրանք են «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» եւ «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերը։ Առաջին ծրագրի շրջանակում պետությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։ Երկրորդի դեպքում հնարավորություն է ընձեռվում ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։

ՀՀ գյուղատնտեսության  նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք՝ պատասխանը կհոգացնի դիմած քաղաքացուն, եւ նա կդիմի ու կստանա համապատասխան աջակցությունը։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչպես է աշխատանքային պայմանագիրը կնքվում։ 

Գայանե Մկրտչյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից կողմերի, իսկ մինչեւ տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին: Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:




Լրահոս