Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 8-ին Կառավարությունը նիստում ընդունեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձեւը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ դիմումի քննարկման եւ աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, թե աջակցության ձեւ սահմանվում է դրամական օգնությունը հետեւյալ չափերով՝ ստացված վնասվածքի պատճառով մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին կտրվի 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ։
Նախարարը նաեւ ասել էր, որ Արդարադատության նախարարություն դիմելու եւ աջակցություն ստանալու իրավունք ունեն մահացած, զոհված անձանց իրավահաջորդ ճանաչված անձինք, առողջությանը ծանր, միջին ծանրության վնաս հասցված անձինք, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում առողջությանը ծանր, միջին ծանրության վնաս հասցված անձինք, եթե վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ արդարացնող հիմքով դատական ակտ կա, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Արդյունքում այս նախագծի ընդունումը ունեցել է իր հետեւանքները: Մասնավորապես, եղել են անձինք, որոնք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին են դիմել եւ ներկայացրել այնպիսի հիմնավոր փաստաթղթեր, թե, իբր, իրենք մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժել են եւ կորցրել են առողջությունը՝ այդկերպ ցանկանալով կառավարությունից հափշտակել 15 միլիոն դրամ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ Ռուզաննա Ազրոյանը, տեղեկանալով ՀՀ Կառավարության 2019թ. հունիսի 4-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած տուժած անձանց աջակցության մասին» որոշման մասին, այդ ժամանակահատվածում, իբրեւ իր առողջությանը ծանր վնաս հասցված լինելու համար, որոշմամբ սահմանված որպես աջակցություն առանձնապես խոշոր չափերի՝ 15.000.000 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակելու համար նշված որոշմամբ պարտադիր համարվող առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պաշտոնական փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՀՔԾ պետին դիմում է հասցեագրել եւ դիմումին կից ներկայացրել է իրավունք վերապահող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող իրական էպիկրիզի տեքստի բովանդակության մեջ իր հիվանդության պատճառահետեվանքային կապի վերաբերյալ ախտորոշում հատվածում «պատճառահետեւանքային կապը 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին բարդ աստիճանի որովայնի հատվածում ուժգին հատվածի ծանր վնասվածք», անամնեզ հատվածում` «պատճառը 2008 թ. մարտի 1-ի բարդ աստիճանի ծանր վնասվածք» ակնհայտ կեղծ գրառումներ լրացնելու եղանակով, գործով չպարզված հանգամանքներում կեղծված, 2008 թվականի մարտի 1-ին ստացված վնասվածքի պատճառով «լյարդի ցիրոզ» հիվանդությունն առաջանալու իրավաբանական փաստը հաստատող 2018թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 18.06.2018-30.06.2018թթ. ընկած ժամանակահատվածում «լյարդի ցիրոզ» ախտորոշմամբ ստացիոնար բուժման թիվ 5156/1/2300 հիվանդության պատմագրի էպիկրիզի պատճենը` փորձելով ստանալ համապատասխան փաստաթուղթ ՀՀ ԱՆ ներկայացնելու եւ խաբեությամբ 15.000.000 ՀՀ դրամ հափշտակելու համար: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ Ռուզաննա Ազրոյանի մոտ ախտորոշված հիվանդության պատճառահետեւանքային կապի վերաբերյալ վերը նշված ձեռագիր գրառումները բացակայել են: Այս արարքի համար վերոնշյալ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-178 հոդվածներով (Հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով: Խարդախություն, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված՝ Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը): նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չեռանալու մասին :
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԳՈՒԳԼ ՔԱՐՏԵԶԻՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եղել է Սյունիքի մարզում: Նա վերադառնալիս կիսվել է իր տպավորություններով եւ անդրադարձել նաեւ գուգլ քարտեզի կամ գլոբալ տեղորոշման համակարգի միջոցով իրականացվող աշխատանքներին: Արման Թաթոյանը հայտարարում է՝ Գուգլ քարտեզի կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Թաթոյանը մասնավորապես նշում է. «Անհասկանալի է, օրինակ, գուգլ քարտեզի որ տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյոք պարզե՞լ ենք` ալգորիթմային ինչ համակարգեր կամ տեղորոշման ինչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում»: Թաթոյանը հավելում է, որ ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթացը ենթադրում է, որ Գեղարքունիքի մարզում Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով։ Նա շեշտեց՝ այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:
ՁՈՒԿ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ «Սեւանի ՃՈ» եւ «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «Սիգ» տեսակի ձուկ: Առգրավված ձկները ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: Միջոցառումներն իրականացվել են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-L որոշմամբ հաստատված Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սեւանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով «Իշխան» եւ «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով։
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 24-ամյա դատապարտյալը, թաքցնելով իր գլխարկում թմրամիջոց պահելու հանգամանքը, 2020թ. հոկտեմբերի 22-ին տաքսու վարորդի միջոցով փորձել է իր իրերի հետ միասին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ փոխադրել զգալի չափերով՝ 4,13 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հավաքել եւ ապօրինի պատրաստել էր մարտ-ապրիլ ամիսներին՝ նախքան ազատազրկման վայր տեղափոխվելը, իր անձնական օգտագործման համար: Սակայն նույն օրը՝ ժամը 15.45-ին, հիշյալ թմրանյութը հայտնաբերվել եւ առգրավվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից երիտասարդի անձնական իրերը ռենտգեն սարքի միջոցով ստուգելու ժամանակ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 24-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը երեկ դուրս է եկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից։ Երեկ դատարանը Վարդան Այվազյանին չկալանավորվելու որոշում էր կայացրել, իսկ ձերբակալումն էլ ճանաչվել ոչ իրավաչափ։ Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին։ Նա կասկածվում է իշխանության յուրացման մեջ, որը դրսեւորվել է օծանելիք ու ժամացույց գողանալու տեսքով։ Հիշեցնենք, որ մինչեւ նրա ձերբակալումն ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում:
ԴԻ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԱՆՏԱՌՈՒՄ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի կա։ Ժամանել են նաեւ Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։ Փրկարարները ծառից իջեցրել են դին եւ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ա.-ն էր։