Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթևան մնացածների խնդիրնե՞րը… «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Փետրվարի երեքին Ազգային ժողովում գումարվելու է արտահերթ նիստ, օրակարգում երկու հարց է՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը եւ ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Դատական օրենսգրքի փաթեթն ամենաշատ քննարկվածներից մեկն է եւ նաեւ հասցրել է ենթարկվել քննադատության: Իսկ ի՞նչ է նախատեսում այդ նախագիծը: Նախատեսվում է ավելացնել ինչպես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ քսանմեկ դատավորով է ավելանալու դատավորների թիվը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավորով: Այսինքն՝ այս նախագծերի փաթեթների ընդունման պարագայում 24 դատավորի հաստիք է ավելանալու, որն էլ իր հերթին նոր ծախսերի է հանգեցնելու:

Բանն այն է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմում է 838 հազար 400 ՀՀ դրամ, իսկ Վերաքննիչ դատարանում աշխատավարձերն համեմատաբար ավելի բարձր են. այս դատարանում մեկ դատավորը միջինացված ստանում է 1 մլն 92 հազար ՀՀ դրամ աշխատավարձ: Հիշեցնենք՝ 8 մլրդ դրամ էլ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար էր նախատեսվել: Ստացվում է՝ արցախյան պատերազմից հետո առկա խնդիրները վերացնելու փոխարեն այլ շռայլ ծախսեր են կատարվում:

Թե որքանով են այս ծախսերն արդարացված, դժվար է ասել հետպատերազմական Հայաստանում, որտեղ ունենք հազարավոր անօթեւաններ, զոհվածների անպաշտպան ընտանիքներ, վիրավոր, հաշմված զինվորներ։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս