ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։ Պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի հետեւանքով խոհանոցի միջնապատերը փլուզվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բնակարանում ապրում են ամուսիններ, եւ նրանք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ ժամկետում է կատարվում ուսանողի փոխատեղումը:

Վիկտորիա Աղաբեկյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ՝ բացառությամբ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար եւ վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ          

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է վերահաշվարկվում կենսաթոշակը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Տիրուհի Ջիլավյան (63 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքով սահմանված կարգով:

Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային ստաժում հաշվարկվում են ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:




Լրահոս