Քաղաքական դաշտի ընդդիմադիր 18 ուժերի ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որը ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ, ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերը խորհրդարանական ԲՀԿ-ի հետ միասին փողոցային պայքար սկսեցին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ չնայած գրեթե երեք ամիս է՝ պայքարն ըհթանում է, իսկ Հանրապետության հրապարակում էլ նստացույց է, սակայն Նիկոլ Փաշինյանը չի էլ պատրաստվում հրաժեշտ տալ իր աթոռին:
Եվ չնայած, որպես այդպիսին, հանրահավաքներ կամ երթեր չեն լինում, սակայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հաճախ հանդիպումներ են ունենում: Եվ, ահա, երեկ կրկին այդ օրն էր, եւ ընդդիմադիր ուժերի առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի ունեցավ, որը պետք է տեղի ունենար դեռ անցյալ շաբաթ օրը, սակայն մի քանի հանգամանքներ խանգարել էին դրան, եւ նախատեսված հանդիպումը չէր կայացել. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած էր: Եվ, ահա, նման հանդիպումները կարող են բեկումնային լինել, քանի որ պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն՝ ինչ է լինելու «Հայրենիքի փրկության շարժման» ճակատագիրը, եւ, ամենակարեւորը, արդյոք հնարավոր արտահերթ ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի, թե ոչ:
Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան: Բացի այն, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում գնալ ընտրությունների եւ նպատակ ունի բոյկոտելու այն, նա նաեւ ցանկանում է, որ այդ ընտրություններում իր ընտանիքի անդամները եւս դերակատարում ունենան, մասնակցեն: Մի խոսքով, Սարգսյանը ցանկանում է առաջ տանել իր հարազատներին, ՀՀԿ-ամետ մարդկանց: Վերջինս նաեւ առանձին պայքարի կողմնակից է: Իսկ, ահա, ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի առաջնորդների ընդհանուր գաղափարն այն է, թե պետք է հնարավոր արտահերթ ընտրություններին գնալ ոչ թե առանձին, այլ միասնական:
Այստեղ ամենագլխավորն այն է, որ պայքարի եւ հետագա գործողությունների հարցում կիսվել են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումները: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ պետք է ամեն դեպքում մասնակցել ընտրություններին եւ չբոյկոտել դրանք, քանի որ իշխանությունները, կարծես թե, հող են նախապատրաստում եւ մտադրություն ունեն գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Միեւնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ պետք է դրանց մասնակցել միասնական ցուցակով՝ բոլոր 18 ուժերի հետ միասին, ոչ թե առանձին-առանձին, եւ հենց այս հարցն է, որի շուրջ էլ երկար ժամանակ քննարկումներ են ունեցել ընդդիմադիր ուժերը, եւ որին միայն, ըստ երեւույթին, դեմ է Սերժ Սարգսյանը: Սակայն վերջինս չի էլ արտահայտվում, թե ինչ ձեւ է պատկերացնում հետագա պայքարը, ինչպես են կարողանալու միայնակ մասնակցել: Բացի այդ, վերջինս անգամ մտադրություն չունի զիջել կուսակցության ղեկը, որպեսզի գոնե մեկ այլ անձ գա եւ ղեկավարի ՀՀԿ-ն՝ փորձելով այլ ելքեր գտնել:
Այսինքն՝ ընդհանուր առմամբ, այս է իրավիճակը, եւ ընդդիմության լիդերների՝ Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի, ՀՅԴ-ականների եւ նախկին նախագահների բանակցությունների արդյունքում շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին եւ անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր:
ԿԲԱՑԱԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սույն թվականի փետրվարի 3-ից 8-ը ներառյալ բացակայել Հայաստանից։ Այդ մասին հայտնել են Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմից: Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվության մասին տեղեկացվել են Ոստիկանության եւ ԱԱԾ պետերը։ Դատավոր Դանիբեկյանը խոստացել է մեղադրող կողմին տրամադրել փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է երկրից բացակայելու թույլտվությունը։ Դատախազ Բաղդասարյանը հիշեցրել է, որ նախորդ դատական նիստերից մեկում բարձրացվել է Ռ. Քոչարյանի՝ երկրից բացակայելու թույլտվություն տրամադրելու հարցը, սակայն որեւէ պարզաբանում այդ առնչությամբ չի տրվել։ Նախագահող դատավորը նշեց, որ եթե մեղադրող կողմն առարկություն ունի, կարող է բողոքարկել դատարանի որոշումը։
ՆՈՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ
Պետական եկամուտների կոմիտեն թվայնացման գործընթացում հանդես է գալիս նոր գործիքակազմով: Շուտով իրավաբանական եւ ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան ՊԵԿ-ի էլեկտրոնային ծառայություններից օգտվել բջջային հավելվածի միջոցով: Այն կհեշտացնի ՊԵԿ-ի ծառայություններից օգտվողների գործը: Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցում է ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգ եւ այլն, կարող են ստանալ բջջային հավելվածի միջոցով: Նաեւ ֆիզիկական անձինք կկարողանան մուտք գործել անձնական էջ եւ իրենց հաշվետվությունները ներկայացնել ինքնահայտարարագրման շրջանակում:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավիթին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
ԱՐՁԱԿՈՒՐԴ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ
Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԸ՝ ԲԱՐՁՐ
Արցախում ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ. տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Նվազագույն սպառողական զամբյուղի ներկայիս ցուցանիշը գրեթե համարժեք է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (59 հազար 679,3 դրամ): Նվազագույն սպառողական զամբյուղի՝ այս տավա փետրվարի 1-ին արձանագրված արժեքը, նախորդ տարվա հունվարի 31-ի համեմատ, բարձր է 1,5 տոկոսով (58 հազար 842,8 դրամ)։ Կառույցը մանրամասնում է, որ պարենային զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմել է 404 հազար 796,2 դրամ, ամսական կտրվածքով՝ 33 հազար 733 դրամ: Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմել է 716 հազար 489,3 դրամ (գործակից 1,77), իսկ ամսական կտրվածքով՝ 59 հազար 707,4 դրամ:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆ
Երեւանի ավագանին փետրվարի 9-ին կգումարի այս տարվա առաջին նիստը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկվել է Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Փաստորեն, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկելու է խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի թեկնածությունը։ Այո, այո, նույն ինքը՝ «բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ- հատ ծամել բոլորի ականջները»։
Բայց սա դեռ ամենը չէ. «ականջ ծամող» տիկնոջը մտադիր են նշանակել այնպիսի կարեւոր ոլորտի պատասխանատու, ինչպիսին Քաղաքաշինության ու հողօգտագործման հանձնաժողովն է: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգը, որն ուսումնասիրել է նաեւ իտալական մշակույթը (համենայնդեպս, այդպես նշված է իր կենսագրության մեջ), պետք է կարեւոր դերակատարում ունենա մայրաքաղաքի քաղաքաշինական հարցերում: Ամեն դեպքում, նկատենք, որ Վարդանյանը այս ընթացքում երբեւէ աչքի չի ընկել Երեւանի խնդիրների լուծմամբ: Ի դեպ, հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: