Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված տոմսերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ «Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.-ին: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը կցվում է)՝ յուրաքանչյուրը մեկ անգամ: Ծրագրից կարող են օգտվել պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր 10 աշակերտի տրամադրվում է 1 լրացուցիչ տոմս, որը նախատեսված է ուղեկցող ուսուցչի համար:

Տոմսերը կարող են կիրառվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային այցելությունների դեպքում: Անհրաժեշտ է (հատկապես թատրոն և համերգասրահ այցելելուց առաջ) նախապես կապ հաստատել համապատասխան հաստատության հետ և ամրագրել այցը: Մշակութային հաստատությունը (թատրոն, համերգասրահ) իրավասու է սահմանել ծրագրի շրջանակում դպրոցականներին հատկացվող տեղերի քանակը, ինչպես նաև տվյալ ներկայացմանը, համերգին աշակերտների մասնակցության նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով տարիքային խումբը:

Հավելենք՝ բաժանորդային տոմսերն աշակերտներին բաշխվում են դպրոցների միջոցով, որոնց վրա պարտադիր է դպրոցի կնիքը:

Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը:




Լրահոս