Երբ մանդատը վայր կդնի Վահագն Թեւոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

Սակայն նկատենք, որ մինչ օրս Վահագն Թևոսյանը պատգամավորական մանդատը վայր չի դրել, ստացվում է, որ Վահագն Թևոսյանն այս պահի դրությամբ միևնույն ժամանակ զբաղեցնում է  երկու պաշտոն, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին:

ArmLur.am-ը փորձեց անձամբ Վահագն Թևոսյանից ճշտել, թե ինչու մինչ այսօր մանդատը վայր չի դրել եւ երբ է պատրաստվում նրանից հրաժարվել:

«Ես դեռ խորհրդի անդամ չեմ հանդիսանում, պարզապես վարչապետը օրենքի ուժով ստորագրել է մրցութային հանձնաժողովի որոշումը: Իսկ մանդատի վայր դնելու մասին երկուշաբթի օրը կհայտնեմ»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը, Տեսալսողական մեդիայի մասին օրենքի համաձայն, հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է: Խորհուրդը բաղկացած է 7 անդամից՝ նախագահ և 6 անդամ: Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը` 6 տարով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս