ArmLur.am-ը զրուցել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ՝ պարզելու համար, թե կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին նախագիծն ինչ փուլում է գտնվում:
-Պարո՛ն Թովմասյան, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին նախագիծն ի՞նչ է իրենից ենթադրում, ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել առաջիկայում:
-Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի եւ սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները: Նախագծով կարգավորվում են կադաստրային քարտեզում առկա խնդիրները եւ անճշտությունները: Նախագծով հատուկ կարգավիճակ է տրվում օրթոֆոտոհատակագծերին, որոնք ստեղծված կամ ընդունված են Կադաստրի կոմիտեի կողմից։ Նախատեսվում է, որ օրթոֆոտոհատակագծերով կատարված ուղղումներով սահմանները համարվելու են մոտավոր սահմաններ, իսկ քարտեզագրման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներով կատարված ուղղումները՝ ճշգրիտ սահմաններ։ Նախագծով հաստատվող կարգով պարզեցվում է քարտեզների ուղղման ընթացքում համասեփականատերերի կողմից տրվող համաձայնությունների ընթացակարգը։ ՀՀ համայնքների կադաստրային քարտեզներում կադաստրային թաղամասերի սխալների ուղղման գործընթացը կազմակերպվելու է առանց անշարժ գույքի միավորի գծային չափերի, երկրաչափական տեսքի եւ մակերեսների փոփոխման՝ հնարավորինս համապատասխանեցնելով օրթոֆոտոհատակագծով (փաստացի բնության մեջ եղած) պատկերված տեղանքին։
-Արդյոք այս նախագծի մշակումը բխե՞լ է 44-օրյա պատերազմի ելքից:
-Ո՛չ, քանի որ նշված ուղղման կարգի մշակման աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2020թ. հունվար-փետրվար ամիսներին։ Ներկայումս գործող էլեկտրոնային կադաստրային քարտեզներում հայտնաբերված անճշտությունների ուղղումը կատարվում է՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի՝ 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանի պահանջների համաձայն: Նշված հրամանի անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ քարտեզագրական աշխատանքների ժամանակ օգտագործվել են տարբեր ճշտության սարքավորումներ եւ տարբեր կոորդինատային համակարգեր։ Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորներին վերաբերող սխալները կարող են առաջացած լինել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված սխալ (գծային չափի կամ տեղադիրքի կամ երկրաչափական տեսքի սխալ) քարտեզագրման աշխատանքների արդյունքում, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված քարտեզագրման աշխատանքներից հետո նոր առաջացած անշարժ գույքի միավորի չտեղադրման կամ ոչ ճիշտ տեղադիրքով տեղադրության կամ ոչ ճիշտ չափերով տեղադրության կամ պետական գրանցման համար ոչ ճիշտ տվյալներով (գծային չափ, տեղադիրք, մակերես, երկրաչափական տեսք) հատակագծերի ներկայացման արդյունքում:
-Քարտեզագրման աշխատանքները վերաբերելու են մարզերի՞ն, Երեւանի՞ն, թե՞ կոնկրետ ինչ-որ համայնքների: Եթե հնարավոր է, մանրամասնեք, թե դրանք ինչ աշխատանքներ են ենթադրում:
-«Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կադաստրային քարտեզների սխալների ուղղման գործընթացը կազմակերպել պիլոտային կարգով՝ այն կիրառելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի եւ Լուսառատ համայնքներում: Կիրառության արդյունքում ի հայտ եկած թերությունները թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարել կարգում եւ կիրառել ՀՀ ամբողջ տարածքում։
-Ե՞րբ է նախագիծը կյանքի կոչվելու, ու ե՞րբ եք սկսելու աշխատանքներ իրականացնել:
-«Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2021 թվականի փետրվարի 19-ի N ՍԹ/1047-2021 գրությամբ ներկայացրել ենք ՀՀ վարչապետի աշխատակազմ, որը գտնվում է քննարկման փուլում: Դրական եզրակացություն ստանալու դեպքում կընդգրկվի ՀՀ կառավարության նիստի օրակարգ։ Հաստատվելու պարագայում անմիջապես կմեկնարկվեն պիլոտային համայնքների կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները։
Ս.Գ.
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԱԾ
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրինությունն արդեն տեւական ժամանակ է՝ անգործության է մատնված: Բանն այն է, որ մոտ երկու տարի է՝ մետրոպոլիտենի տնօրենը ժամանակավոր պաշտոնակատար է ու իր ղեկավարման ողջ ժամանակահատվածում գրեթե որեւէ աշխատանք չի իրականացրել, այնինչ բազմաթիվ խնդիրներից զատ առկա են նաեւ անվտանգային հարցեր: Իսկ հիմա ամեն ինչ հերթով:
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի Ժ/Պ Գեւորգ Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվել է Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի միջնորդությամբ: Բանն այն է, որ Ավետիսյանի եղբայրն ու Սարգսյանը նախկինում միմյանց հետ աշխատել են, ինչի համար էլ Սարգսյանը նրան վստահել է ու նշանակել տվել ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ մեր տեղեկությունների՝ Երեւանի մետրոպոլիտենն այժմ երեք անձի ձեռքում է գտնվում՝ տնօրենների խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանի, ում էլ այդ պաշտոնում միջնորդել է նշանակել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, Գեւորգ Ավետիսյանի, ինչպես նաեւ Երեւանի փոխղաքաքապետ Հրաչյա Սարգսյանի: Ի դեպ, այս երեք անձինք էլ տնօրենների խորհրդի անդամներն են, որոնք կայացնում են մետրոյին առնչվող բոլոր որոշումները։ Հավելենք, որ նախկինում խորհուրդը 5 անձից է բաղկացած եղել, սակայն հիմա կրճատվել է եւ երեք հոգուց է կազմված:
Իսկ ԺՊ Գեւորգ Ավետիսյանը ստորգետնյա տրանսպորտային ոլորտին առնչվող բոլոր հարցերը ճշտում է Հրաչյա Սարգսյանից, հետո միայն որեւէ քայլ կատարում: Ավելին, նա գրեթե ամեն օր 3-4 ժամ անցկացնում է քաղաքապետարանում՝ Սարգսյանի կաբինետում: Եվ հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մետրոպոլիտենում աշխատանքի են ընդունվում բացառապես վերը նշված երեք անձանց ծանոթները, բարեկամներն ու հարազատները: Եվ որպեսզի ասվածը հիմնավոր լինի, տեղեկացնենք, որ մետրոպոլիտենի ընդհանուր բաժնի պետը Ավետիսյանի յուրայինն է, ֆինանսակական բաժնի ղեկավարը Հրաչյա Սարգսյանի միջնորդությամբ է հայտնվել այդ պաշտոնում։ Ու զավեշտալին այն է, որ ռազմավարական նշանակության այդ ոլորտում հաճախ նշանակվում են մարդիկ, որոնք ամենեւին էլ մասնագետներ չեն, բայց քանի որ ծանոթ ունեն, նշանակվում են:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ մետրոպոլիտենում նաեւ անվտանգային խնդիրներ կան, ապա, ըստ մեր տեղեկությունների, Ավետիսյանի կառավարման ժամանակահատվածում որեւէ աշխատանք չի կատարվել շարժասանդուղքների, ռելսերի, վագոնների վերանոգորգման, տարբեր սարքավորումների փոփոխության, նորացման ու վերականգնման համար: Սա բերում է նրան, որ մետրոյի աշխատանքը դառնում է վտանգավոր հանրության համար: Ավետիսյանը քայլ չի անում մետրոն բարեկարգելու, նոր համակարգեր ներկրելու համար մետրոն «ռեստարտի» ենթարկելու համար: Բախտի քմահաճույքին են թողնվել մետրոյի բոլոր հարցերը: Մենք փորձել ենք բոլոր այս հարցերի շուրջ զրուցել Հրաչյա Սարգսյանի հետ, որը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ, ահա, Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի Ժ/Պ Գեւորգ Ավետիսյանը մեր հարցերին պատասխանեց, բայց զրույցի կեսից հայտարարեց, որ խորհրդակցության է եւ չի կարող շարունակել խոսել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ
Ռուսաստանի Պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն: «Զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտներ, ներկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները կատարում են առաջադրանքները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասել են ռազմական գերատեսչությունում:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ
«Երեւանում՝ «Հայ բարերարների ճեմուղի»-ում վանդալիզմի հետ կապված իմ հայտարարությունը կարելի է համարել հանցագործության մասին հաղորդում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարարի նախկին տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքով՝ մեղավոր է Երեւանի քաղաքապետարանը, որը շարունակում է իր անգործությունը ոչ միայն այդ հուշարձանի, այլ նաեւ իր բալանսում գտնվող այլ հուշարձանների նկատմամբ: Նա նշեց, որ հանցանքը տեղի է ունեցել ԱԱԾ շենքի հարեւանությամբ, իսկ ԱԱԾ աշխատակիցները նույնիսկ չեն էլ նկատել: «Ինչո՞ւ նախկին իշխանության օրոք նման բան չէր լինում: Իրավապահները պարտավոր են քրեական գործ հարուցել, իսկ քաղաքապետարանը՝ վերականգնել կոտրված հուշարձանները՝ հաշվի առնելով, որ ավտոբուսները ներկելու համար 240 հազար դոլար կարողանում է գտնել: Դա արդեն անտարբերություն չէ, այլ մտածված մոտեցում, դա դավադրություն է ժողովրդի դեմ, եւ հանցագործները պետք է պատժվեն»,-նշեց նախկին փոխնախարարը:
ԳԵՂՈՒԿ ԳԱԶԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են ե՛ւ բենզինի, ե՛ւ հեղուկ գազի գները։ Հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է՝ դառնալով 210-220 դրամ: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Էքսպերտ Թե» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի հետ եւ հետաքրքրվեց հեղուկ գազի գնի թանկացման պատճառների մասին: Հեղուկ գազի թանկացման իրական պատճառներն իմանալու համար կապ հաստատեցինք նաեւ «Գազ Պրոպան» ընկերության հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ այն կապված է միջազգային շուկայի գների բարձրացման հետ: Նշենք, որ հեղուկ գազ Հայաստան ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: