Մոսկվայում Իզմայլովյան խճուղում անցանկալի կազմակերպությունների հետ միջոցառում անցկացնելու փորձից հետո ՆԳ մարմին է տեղափոխվել մոտ 200 մարդ, ստուգում է ընթանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը:
Նշվում է, որ Իզմայլովսկի խճուղու հյուրանոցային համալիրում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձել են միջոցառում անցկացնել համաճարակաբանական նորմերի խախտմամբ:
«Ոստիկանության աշխատակիցների կողմից հակաիրավական գործողությունները կասեցվել են։ Ներքին գործերի տարածքային մարմիններ է տեղափոխվել մոտ 200 մարդ։ Կատարվում է ստուգում, որի արդյունքներով որոշում կկայացվի օրենքին համապատասխան»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Միավորված դեմոկրատների» համակարգող Անաստասիա Բուրակովան «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, որ շաբաթ օրը, «Իզմայլովո Դելտա» հյուրանոցում տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են մունիցիպալ պատգամավորներ Ռուսաստանի տարածաշրջաններից՝ քննարկելու առաջիկա ընտրական փուլի ռազմավարությունը և միմյանց հետ կիսելու փորձը:
Մոսկվայի հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Մարինա Լիտվինովիչն էլ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Իլյա Յաշինը, Եվգենի Ռոյզմանը և Յուլիա Գալյամինան Մոսկվայում ձերբակալվել են մունիցիպալ պատգամավորների համաժողովում: