Արթուր Թովմասյանն ընդունել է ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանին և Աննա Գրիգորյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին:

Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Հանդիպման ժամանակ Արցախի խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան:

«150 հազարանոց Արցախը փաստացի կռվել է Թուրքիայի հետ, ավելի քան 5000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, ու ամենավրդովվեցուցիչն այն է, որ միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում է տեղի ունեցել այս ամենը», -ասել է Արթուր Թովմասյանը:

Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել առ այն, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ բանակցային գործընթացը կշարունակվի:

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը:Նշելով, որ օրակարգում Արցախի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

«Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,-ասել են անկախ կին պատգամավորները:

 




Լրահոս