ԱՆՆՊԱՏԱԿ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն իր խորին հիասթափությունն է հայտնում՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելիս ՀՀ Ազգային ժողովի դրսեւորած դիրքորոշման առնչությամբ։

 

Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամների եւ ԱԺ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներում քանիցս բարձրացվել են հիշյալ փոփոխությունների անպատեհ ու խոչընդոտող լինելը, մասնավորապես, հետհամավարակային եւ հետպատերազմական տնտեսության վերականգնման ու առողջացման գործընթացի համար։ Եվ չնայած օրենքի նախագծի վերաբերյալ հանրային մերժողական մոտեցմանը, մասնագիտական ու փորձագիտական շրջանակների փաստարկված հիմնավորումներին՝ հայրենի օրենսդիրներն ականջալուր չեղան գործարար համայնքի կարծիքին, համայնք, որի գործունեության շնորհիվ է, որ ձեւավորվում է երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը, որի ջանքերով է, որ ապահովվում են հազարավոր աշխատատեղեր, եւ որն անմիջական կրողն է լինելու ընդունված օրենքի բացասական հետեւանքների ու դրսեւորումների։

Այդուհանդերձ, ընդունվեց մի օրենք, որն, ի վերջո, մասնագիտական հանրության կողմից ստացավ «նոր պատժիչ գործիք» գնահատականը։ Եվ փույթ չէ, որ արտերկրի տարբեր օրենքներից մեխանիկորեն փոխառված դրույթները չեն տեղայնացվել, հոգ չէ, որ օրենքում հստակ սահմանազատված չեն մենաշնորհային եւ գերիշխող դիրքերը, ոչինչ, որ ՏՄՊՊ հանձնաժողովին վերապահված է ուղղակի միջամտելու, իր հայեցողությամբ տնտեսվարողի հաշիվներին արգելանք դնելու ու խոշոր տուգանքներ կիրառելու լիազորություն, առկա է բազմաթիվ այլ հակասական ու արգելիչ բովանդակություն. այս ամենը պատգամավորներին չխանգարեց կյանք տալ հիշյալ օրենքի փոփոխություններին։

Ընդ որում, այդ փոփոխություններն այնքան շատ են ու էապես տարբերվող նախորդից, որ ընդունվեցին ոչ թե օրենքի առանձին փոփոխություններ, այլ նոր օրենք, որը Հանձնաժողովին օժտում է պատժիչ վարչարարական գործիքներով՝ չբարելավելով կամ չհստակեցնելով բուն՝ մրցակցային ապահովման խնդրին առնչվող կարգավորումները։

ՀԱԳՄ նախագահությունը մեկ անգամ եւս վերահաստատում է  ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ժամանակավրեպ եւ աննպատակային լինելը, որում պարունակվող նորմերով սահմանվող տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի նոր կարգավորումներն անհանգստացնող են գործարար համայնքի համար: Դրանք Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին օժտում են աննախադեպ լայն՝ պատժելու, արգելելու, բռնագանձելու լիազորություններ, ինչպես նաեւ այդպիսի գործառույթի համար ծավալուն եւ չարդարացված իրավական գործիքակազմի նոր համակարգ: Այս ամենը, ակներեւաբար, իր բացասական հետեւանքն է ունենալու ազատ տնտեսական հարաբերությունների հաստատման, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, երկրի տնտեսության՝ առանց այն էլ ծանր վիճակը բարելավելու ընթացքի վրա։

Միաժամանակ վստահեցնում ենք, որ հետայսու եւս հաստատակամորեն հետամուտ ենք լինելու գործարարների շահերի պաշտպանությանը, տնտեսական իրավական դաշտի կատարելագործմանը, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունների առաջմղմանը, երկրի կարողություններն արտերկրում պատշաճ ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, հանրության բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված մեր ստանձնած առաքելությանը։ Որեւէ քաղաքական կամ արհեստածին հանգամանք չի կարող կասեցնել հայ գործարարի ստեղծարար ընթացքը, որը նպատակամիտված է զարգացած տնտեսությամբ, անվտանգ եւ հզոր Հայաստանի կերտմանը։

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՇՏԿՎԵԼ ԵՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Շիրակի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Սուրեն Ալոյանին պատկանող հացի արտադրամասի կասեցումը (ք. Արթիկ): Այս կազմակերպությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու եւ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձիք ենթարկվել են պարտադիր պարբերական բժշկական զննության եւ ձեռք են բերել սանիտարական անձնագրեր:

 

 

1164 ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1164 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 186184 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 817406, վերջին մեկ օրում` 5330 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12436 պացիենտ. մեկ օրում ավելացել է 834-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 169 485 անձ, վերջին մեկ օրում՝ 313 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 3398 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 865 է:

 

 

ՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ներկայացրել է 2021 թվականի մարտի 24-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։ Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված եւս 155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով, ընդհանուր հատուցումների թիվը 2017-ն է, որից 1605-ը` այս պատերազմի արդյունքում: Հատուցվել են 1240 շահառուներ, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն՝ առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:

 




Լրահոս